Ինչքան էլ հիմնավորված ամբիցիաներդ զսպես, միևնույնն է՝ այս փուլում տեղի կտան դրանք: Այս «Այո»-«Ոչ»-ի պայքարում պարզապես չես կարող անուշադիր անցնել դրա կողքով, քանի որ նախ ես հանրային կառավարման մասնագետ եմ, և գոնե ինձ հետաքրքրում է, թե պետության կառավարման ինչ մոդել, ձևեր են խաղարկվում այսօր, դա լինի աշխարհում, թե Հայաստանում, մյուս կողմից էլ, իհարկե, Սահմանադրությունը բոլորինս է և ոչ միայն Այո կամ Ոչ ասողներինը կամ ոչինչ չասողներինը: Մի բան եմ ասելու, որը մենք բոլորս էլ, չնայած մեր երիտասարդ տարիքին, գիտենք: Պարզ ճշմարտությունը հետևայլն է. ընկերնե՛ր, ժողովուրդը հոգնել է էս ամեն ինչից, քաղաքական առուծախից, դիմություն-ընդդիմություն խաղարկումներից:
Մեր խնդիրը քաղաքացիական հասարակությունն է, որին ամեն ուր ջարդում, փշրում են քաղաքական ուժերն ու հատկապես դրանց դերակատարները՝ իրենց անհասկանալի կեցվածքով: Հիմա կասեք՝ ինչ կապ ունեն քաղաքական ուժերը քաղաքացիական հասարակության հետ: Շատ մեծ: Մեզ մոտ շատ ցածր մակարդակի վրա են գտնվում կուսակցական էթիկայի կանոները, ընդհակառակը՝ որոշ դեպքերում իսպառ բացակայում են: Օրինակի համար ասեմ, որ արտասահմանում, մասնավորապես, ասենք՝ Գերմանիայում, կուսակցությունները կրթում են երիտասարդներին, նրանց նպատակը ոչ թե փչացնելն է, այլ ընդհակառակը՝ պետական կառավարման կադրեր թողարկելը, որակյալ կադրեր պատրաստելը: Հիմա էս սահմանադրական փոփոխությունները, չգիտես ինչու, էլի վերածվեցին քաղաքական բանդայի:
Նորից գյուղերում, բակերում, քաղաքներում, թաղերում շատերը չեն էլ հասկանում՝ իրականում ինչ է կատարվում (չնայած վաղն արդեն կհասկանան տեղում): Մի բան լավ հասկանում են, որ ասում են՝ էլի ընտրություններ են, էլի էսի գնաց, միացավ նրան, էնի բաժանվեց, իսկ էն մեկն էլ, սկի չգիտեն՝ ինչ եղավ, ժողովրդի խոսքով ասած՝ «աջին քաշեց»: Մեր երկրում բացառապես ինստիտուցիոնալ ընդդիմություն գոյություն չունի, այ սա է ամբողջ խնդիրը: Փոխանակ պառակտվեք, սրա-նրա հետևից վազեք, տո աջ ու ձախ, մեր մեծերի ավանդույթը չխախտելով, կուսակցություն բացեք, գնացեք, բոլորդ միացեք ու սկսեք պայքարել իշխանությունների դեմ: Միգուցե այդ դեպքում իշխանությունները տեսնեն, որ կա որակյալ, համախմբված ուժ, ամենակարևորը՝ կադրեր, և իշխանությունը վստահի ձեզ և ինքը գնա, ասենք, «անորոշ ժամանակով» արձակուրդի, ինչպես արեց երկրորդ նախագահը:
Իսկ ինչ վերաբերվում է իշխանության վարած քաղաքականությանը սահմանադրական փոփոխությունների շուրջ, կցանկանայի ասել, որ, հարգելիներս, եկեք դուք էլ նենց բաներ արեք, որ գոնե ինչ անում եք, էդ արած տեղում էլ մնա, դուրս չգա հասարակական լայն կուլիսներ: Համ ամենուր շեշտվում, նշվում է, որ, հարգելի քաղաքացի, դու գիտես՝ տես, եթե քեզ ձեռ ա տալիս, գնա, ասա Այո, եթե չէ՝ Ոչ, նենց չի, որ մենք թողնելու ենք՝ գնանք: Բայց ամենուր խոսում են փող բաժանելու, չգիտեմ՝ անձնագրեր հավաքելու ու նման մի շարք լծակների գործադրման մասին, կամ, ասենք, ի՞նչ է նշանակում սովորական չնչին աշխատավարձով աշխատող մանկավարժից, մանկապարտեզի դաստիարակից, դեղատան աշխատողից կամ անգամ հավաքարարից հարևանների անձնագրեր պահանջել, եթե ոչ, այլապես պատասխանը հեռացումն է:
Ամեն դեպքում փորձում ենք չհավատալ լուրերին՝ դրանք համարելով ԱՅՈ–ՈՉ-ի կողմից շահարկվող ասեկոսեների հերթական ցանկ:
Նորից վերադառնալով կառավարման ընտրված մոդելին՝ պետք է նշեմ, որ, լինելով գոնե ոլորտից մի փոքր տեղեկացված, աշխարհում չկա մի հատ կառավարման մոդել, որ, ասենք, այ տեսեք՝ սա ամենալավն է: Այստեղ խնդիրն այլ է՝ արդյո՞ք ընտրված կառավարման ձևը համապատասխանում է էլեկտորատի զարգացվածության մակարդակին կամ ավելի ճիշտ՝ նրա զարգացման վեկտորին, այսինքն՝ որքանո՞վ է բնակչությունը պատրաստ ընդունելու այդ մոդելը, ինչքանո՞վ է ազդում գյուղացու և քաղաքում ապրող բնակչի վրա:
Այլապես եկեք ճիշտ հասկանանք նրանց, նրանց համար խոշոր հաշվով ի՞նչ տարբերություն՝ երկիրը կառավարվում է Բաղրամյան 26-ից, թե, ասենք, նույն Հրապարակի ժամացույցի տակից:
Միգուցե սա իսկապե՞ս փոխում է ժողովրդի կենսակերպը, կամ միգուցե հենց սա՞ է զարգացման առաջիկա տարիների լավագույն տեսլականը, կամ ինչպես ասում է Ոչ-ը՝ դժոխք է սա:
Ինչևէ, ավարտելով կցանկանայի նշել, որ ամեն դեպքում ժողովուրդը դեկտեմբերի 7-ին կարթնանա առանց դիվադադար լինելու, խաղաղ և հանգիստ, բնականոն հունով, իր առօրյա հոգսերով, պատրաստվի Նոր տարվա ավանդական եռուզեռին:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել