«Արտիստի յուրաքանչյուր քայլը, ինչպես գիտեք, դառնում է հանրային քննարկման առարկա: Անձամբ ես կարող եմ նաև անտեսել այդ երևույթը, սակայն նույնը չեմ կարող պահանջել կյանքում ինձ ընկերակցող տղամարդուց»:
- Սկզբում Դուք հանրությանը ներկայացաք որոշակի ոճում ու կերպարում, սակայն կարճ ժամանակ անց կտրուկ փոփոխության ենթարկեցիք և՛ Ձեր ոճը, և՛ երգերը. ի՞նչն էր պատճառը:
- 2006թ-ին իմ կերպարը լիրիկական էր և անմիջապես գրավեց հանրությանը, ինչի արդյունքում կարճ ժամանակ անց արժանացա «Տարվա հայտնություն» մրցանակին: Մինչև առաջին տեսահոլովակը նկարահանելն արդեն անցել էի երաժշտական լուրջ ճանապարհ: Այն կերպարը, որում ներկայացա ավելի ուշ, իրականում միշտ էլ գոյություն է ունեցել, պարզապես ժամանակ էր պետք, որպեսզի հասունանար ու դուրս գար ասպարեզ: Հիմա ուրախ եմ, որ այդ կերպարային փոփոխությունը տեղի ունեցավ ավելի արագ, քան կարող էր լինել: «Օրը և ներկան» տեսահոլովակն իմ նոր իմիջի առաջին վկայությունն էր: Ամենակարևորը՝ կարողացա ձեռք բերել հանդիսատեսի վստահությունն ու նվիրվածությունը:

109

- Ի՞նչ հիասթափություններ եք ունեցել Ձեր ճանապարհին:

- Հիասթափություններն անխուսափելի են: Ինձ միշտ ուժեղ ու անխոցելի տեսնելը դարձավ սովորական երևույթ, և ես, իրոք, այդպիսին եմ, սակայն երբեմն ուզում ես լինել պարզապես թույլ, խաղաղ ու հանդարտ, ինչը չի հաջողվում, որովհետև քեզ արդեն ընկալում են այլ կերպարում: Ի վերջո, ես ընդունեցի խաղի կանոնները: Իմ հոգսերն ու խնդիրները երբեք չեմ ցուցադրում՝ դրանք պահելով բեմից հեռու, իմ ներսում:
- Հնարավո՞ր է, որ մի օր այլ կատարողների պես մուտք գործեք քաղաքական դաշտ:
- Ես արվեստագետ եմ և քաղաքականությամբ զբաղվելու ցանկություն չունեմ, թեպետ առաջարկներ եղել են: Ինձ լիովին բավականացնում է իմ այժմյան աշխատանքը: Թող յուրաքանչյուրը զբաղվի իր գործով, և այդ ժամանակ ամեն ինչ կարգին կլինի: Կարծում եմ՝ ես գտել եմ իմ ճիշտ տեղը:

1

- Հայկական շոու բիզնեսի մյուս ներկայացուցիչների հետ տարաձայնություններ ունենալու դեպքում ինչպե՞ս եք հարթում դրանք: Ձեզ համարո՞ւմ եք կոնֆլիկտային անձ:

- Միշտ դժվարացել եմ խոսել ինքս իմ մասին, սակայն պիտի ասեմ, որ ինձ համարում եմ բացարձակապես ոչ կոնֆլիկտային մարդ, ինչը վկայում են նաև ընկերներս: Այդուհանդերձ, երբեմն ակամա հայտնվում ես կոնֆլիկտային իրավիճակներում: Նման դեպքերում փորձում եմ կարևորել նախևառաջ մարդկային փոխհարաբերությունները, որովհետև վաղը դու կարող ես այլևս չերգել, սակայն հիշվել քո մարդկային հատկանիշների շնորհիվ:
- Ի՞նչ անակնկալներ ունեք Ձեր երկրպագուների համար:
- Իմ տևական ստեղծագործական դադարը փաստացի ավարտված է, և իմ վերջին տեսահոլովակը դրա վառ ապացույցն է: Սպասվում են համերգային շրջագայություններ, հետաքրքիր նախագծեր և այլն: Ինչ վերաբերում է ստեղծագործական դադարին, ապա դա հարաբերական պասիվություն էր, որովհետև այդ ընթացքում շրջագայել եմ վեց տասնյակ երկրներով, կուտակել եմ անհաշիվ քանակությամբ տպավորություններ, որոնք ներշնչանքի աղբյուր են դարձել ինձ համար:

2

- Ձայնասկավառակներն այսօր կորցնում են արդիականությունը համացանցային բումի պատճառով: Ձեզ համար ի՞նչ նշանակություն ունի ձայնասկավառակը:

- Համացանցի ազդեցությունը, իրոք, հսկայական է, իսկ ձայնասկավառակները, հատկապես՝ Հայաստանի պես փոքր երկրում, բավականաչափ լավ չեն վաճառվում և շահույթ չեն ապահովում: Իմ առաջին ու երկրորդ ձայնասկավառակների վաճառքը, օրինակ, շատ լավ ընթացք ունեցավ, ինչը չես ասի երրորդի մասին, որի երգացանկում ներառված բոլոր երգերն արդեն հասանելի էին համացանցի միջոցով: Որքան էլ ցավալի է, սակայն ստիպված ենք արձանագրել, որ ձայնասկավառակը, որպես այդպիսին, Հայաստանում իրեն գրեթե ամբողջությամբ սպառել է:
- Ձեր անձնական կյանքում կա՞ն նորություններ, որոնք կցանկանայիք հրապարակել:
- Իմ անձնական կյանքում, բարեբախտաբար, ամեն ինչ կարգին է: Արտիստի յուրաքանչյուր քայլը, ինչպես գիտեք, դառնում է հանրային քննարկման առարկա: Անձամբ ես կարող եմ նաև անտեսել այդ երևույթը, սակայն նույնը չեմ կարող պահանջել կյանքում ինձ ընկերակցող տղամարդուց, ով սովոր չէ նման անթաքույց ուշադրության: Այդ ամենը գիտակցելով՝ իմ անձնական կյանքը հնարավորինս հեռու եմ պահում օտար աչքերից: Իհարկե, շրջադարձային իրադարձությունների դեպքում ինքս կբարձրաձայնեմ այդ մասին:

3

- Մայրության մասին մտածո՞ւմ եք:

- Մայրությունը կնոջ ամենակարևոր առաքելությունն է, և բոլորն էլ մտածում են այդ մասին: Պարզապես դա պիտի կատարվի ճիշտ ժամանակին: Յուրաքանչյուրն ունի մայրանալու իր ժամանակը:

- Հնարավոր համարո՞ւմ եք երգարվեստից երբևէ հեռանալը:
Միշտ մտածել եմ, որ ամեն ինչ հնարավոր է: Սիրում եմ երգը, սիրում եմ իմ էությունն արտահայտել երգի միջոցով, սակայն այդ սերը չպիտի լինի ինքնանպատակ: Ես փորձում եմ ժամանակից առաջ չընկնել, որովհետև պիտի հերթականությամբ ապրես ու վերլուծես կյանքի բոլոր փուլերը:

4

- Ո՞րն եք համարում Ձեր կյանքի ամենաբարդ փուլը:

- Կյանքի բոլոր փուլերն էլ յուրովի բարդ են: Եթե չլինեն այդ բարդությունները, ապա ուղին, որով անցնում ես, հետաքրքիր չի լինի: Պետք է հաղթահարել ամեն ինչ և անցնել առաջ:

- Շոու բիզնեսում կարո՞ղ են լինել անկեղծ ընկերական հարաբերություններ:

- Կարող են, և դրա ամենավառ ապացույցն իմ, Անդրեի, Նազենիի և Ավետի ընկերությունն է: Աշխատանքի բերումով մենք շատ հաճախ ենք հանդիպում:
- Ինչպե՞ս եք վերաբերվում Ձեր հասցեին հնչող քննադատություններին:
- Քննադատություններն էլ մի յուրատեսակ փորձություն են, որ պիտի հաղթահարես` կոփվելու համար: Առողջ քննադատությունն ինձ ստիպում է հետևություններ անել, շտկել բացթողումները և այդ ճանապարհով հասնել նոր արդյունքի: Նախկինում քննադատություններն ինձ տխրեցնում էին, խոցում իմ և ընտանիքիս սիրտը, սակայն ժամանակի ընթացքում հասկանում ես, որ հանրային մարդու կյանքում դրանք անխուսափելի են, և պետք է ընդունել խաղի կանոնները: Ինչ վերաբերում է սխալ քննադատությանը, ապա դրանք արագ են մոռացվում և ակտուալ են միայն տվյալ պահին:

IMG_8144-tparan 2

- «Հայաստանի ձայնը» նախագծի ժյուրիի կազմում ընդգրկվելով` միայն սովորեցնողի՞ դերում էիք, թե՞ նաև սովորողի: Ի՞նչ տվեց Ձեզ այդ մրցույթը:

- Ուրախ եմ, որ առիթ ունեցա մասնակցելու այդ նախագծին: Ժյուրիի կազմում ընդգրկվելու համար անցնում ես քննական լուրջ փուլերով, ընդ որում` ընտրվում ես ոչ միայն այստեղ, այլև Հոլանդիայի գլխավոր խմբի կողմից: Նախագծի ընթացքում պետք է ցուցաբերես մասնագիտական «հոտառություն» և լինես ոչ միայն ուսուցիչ, այլև ուղղորդող` բառիս ամենալայն իմաստով: Հոլանդական կողմը տպավորված էր իմ` մինչ այդ ունեցած ձեռբերումներով. 15 տեսահոլովակ, բազմաթիվ համերգներ, հեռուստանախագծեր և այլն: Նախագծի լարված ընթացքը ստիպում է, որ ինքդ էլ սովորես, հասցնես, լինես ռիթմի մեջ:

- Հանուն նպատակի ինչի՞ եք ընդունակ:

- Ես առհասարակ նպատակասլաց մարդ եմ, սակայն սովոր եմ նպատակին հասնել միայն աշխատասիրության միջոցով և ոչ թե որևէ այլ ճանապարհով:

IMG_8379-tparan

- Նազենի Հովհաննիսյանը Ձեր անբաժան ընկերն է. ինչպե՞ս կբնութագրեք նրան` որպես անձ և որպես ընկեր:
- Հետաքրքրական է, որ մեր ընկերության մասին խոսում են բոլորը` բացի մեզնից: Մենք գերադասում ենք չխոսել: Ես ուրախ եմ, որ ունեմ այդպիսի ընկեր: Նա լիարժեք է դարձնում իմ կյանքը: Նազենին ինձ համար շատ թանկ ու հարազատ մարդ է: Իր տեսակի մեջ նա բացառիկ է, և ես շատ բան եմ սովորում նրանից: Նա յուրաքանչյուր հարցում ոգևորում և ուժ է տալիս ինձ:

- Ի՞նչ կարծիք ունեք «Եվրատեսիլի» մասին: Կցանկանայի՞ք երբևէ մասնակցել:

- Այդ հարցն ինձ շատերն են ուղղում: Իհարկե, այդ փորձառությամբ անցնելու ցանկություն կա, սակայն գիտակցում եմ նաև, որ դա մեծ պատասխանատվություն է, որովհետև արդյունքը կախված է ոչ միայն արտիստից, այլև ողջ թիմից: Միշտ մտածել եմ` եթե ես մասնակցեի, ինչպիսի արդյունք կունենայի: Իհարկե, անհաջողությունից ոչ ոք ապահովագրված չէ. առանց քո մեղավորության կարող ես հայտնվել այնպիսի իրավիճակում, երբ մի ակնթարթում կորցնում ես կուտակած ձեռքբերումներդ: Առայժմ մասնակցության առաջարկ չեմ ստացել. երբ ստանամ, կփորձեմ ճիշտ որոշում ընդունել:
- Ո՞ւմ հետ կցանկանայիք հանդես գալ զուգերգով:
- Մինչ օրս զուգերգով հանդես եմ եկել միայն Սիրուշոյի հետ: Պատճառը, թերևս, իմ բծախնդրությունն է. չեմ ուզում որևէ քայլ անել պարզապես արած լինելու համար:
- Նորաձևությունը որքանո՞վ եք կարևորում, ի՞նչ դեր ունի Ձեր կյանքում:
- Իմ աշխատանքային բնագավառն այնպիսին է, որ ակամա հետևում ես նորաձևությանը: Ես փորձում եմ ցանկացած պարագայում լինել նորաձև, իսկ ստեղծագործական ասպարեզում իմ ոճի ընտրությունը վստահում եմ պրոֆեսիոնալներին:
- «ԷԼ Style»-ի այս ֆոտոշարքում ներկայացել եք կանացի ու սեքսուալ կերպարում: Որքանո՞վ է այն Ձեզ հոգեհարազատ:
Այս ֆոտոշարքը դիտարկում եմ որպես համարձակ վերադարձ տևական լռությունից հետո: Սեքսուալությունը, իմ համոզմամբ, ներքին հատկանիշ է և չպիտի լինի ցուցադրական: «ԷԼ Style»-ի ֆոտոշարքը, իհարկե, հետաքրքիր նորություն կդառնա նրանց համար, ովքեր ինձ դեռևս չեն տեսել այս կերպարում: Նման ֆոտոշարք ունենալու համար պահը հասունացել էր: Կարևորն այն է, որ այդ կերպարում լինես գեղեցիկ ու համոզիչ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել