Երեկ հայտնի դարձավ, որ ՆԱՏՕ-ի անդամ երկրների արտգործնախարարներն անդամակցության համար հրավեր են ուղարկել Չեռնոգորիային։
Նախկին Հարավսլավիայի պետություններից Խորվաթիան և Սլովենիան արդեն ՆԱՏՕ-ի անդամներ են, իսկ Մակեդոնիան ու Բոսնիա- Հերցեգովինան անդամակցության հետագա ծրագրում են: Եվ այս իրավիճակում, եթե հաշվի ենք առնում նաև Չեռնոգորիային ուղարկված հրավերը, ապա պարզ է դառնում, որ ՆԱՏՕ-ն գրեթե ամբողջապես կլանեց Բալկանները:
Այս փաստին խիստ արձագանքեց ռուսական կողմը, իսկ ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը մասնավորապես նշեց. «Ամենատարբեր մակարդակներում Մոսկվան միշտ ընդգծել է, որ ՆԱՏՕ-ի շարունակական էքսպանսիան դեպի արևելք, իհարկե, չի կարող չհանգեցնել ռուսական կողմի պատասխան գործողություններին՝ իր անվտանգությունից ելնելով»:
Պարզ էր, որ Ռուսաստանն այսպես էլ կարձագանքեր, եթե հաշվի առնենք, թե պատամականորեն ինչ կարևոր նշանակություն է ունեցել Բալկանյան թերակղզին Ռուսաստանի համար, և թե ինչքան պատերազմներ է մղել Ռուսաստանը Բալկաններում` պաշտպանելով այնտեղ ապրող սլավոններին:
Ուղղակի այստեղ մի այլ հարց է առաջ գալիս. Ռուսաստանի անվտանգությունից ելնելով՝ այդ ի՞նչ պատասխան գործողություններին է վերաբերում Պեսկովի հայտարարությունը: Սպասել է պետք...
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել