«Դու միայնակ չես» բարեգործական ճաշարանն այսօրվանից սպասարկում է 40 անապահովի. շաբաթական 5 օր նրանց մատուցվելու է էկոլոգիապես մաքուր սնունդ։ BlogNews-ի նոր նախաձեռնության շնորհիվ Ավանում այսօր բացվեց «Դու միայնակ չես» բարեգործական ճաշարանը, որն աշխատելու է Երևանի կենտրոնում՝ Թումանյան-Սպենդիարյան խաչմերուկում բացված «Avenue 37» սրճարանի շահույթի և թեյավճարների հաշվին։

Նախագծի գաղափարի հեղինակ Արամ Անտինյանը նշեց, որ առայժմ գործում է միայն մեկ ճաշարան, սակայն ցանցն ընդլայնելու ցանկություն ունեն։ «Սկսել ենք 40 հոգուց։ Նրանց ճաշ ենք տալու շաբաթական 5 օր: Հուսով ենք առաջիկայում բազմապատկել այս թիվը։ Դա արդեն կախված է «Avenue 37»-ում հաճախորդների ակտիվությունից. որքան շատ լինեն հանգանակությունները, այնքան կընդլայնվի «Դու միայնակ չես» բարեգործական ճաշարանների ցանցը»,- ասաց նա։

Սրճարանը գործում է 10 օր։ Այս օրերի ընթացքում արդեն վճարվել է 338 ճաշի համար։ Հիշեցնենք, որ «Avenue 37»-ում չի գործելու ավանդական թեյավճար, այն գումարը, որը մարդիկ կթողնեն որպես թեյավճար, կտրամադրվի ճաշարանին: Անապահովների համար մեկ ճաշի գումարը 500 դրամ է, սակայն այցելուներն ազատ են թողնել այնքան գումար, որքան իրենք են կամենում՝ 300, 500, 1000, 3000…: Ճաշարանին է ուղղվելու նաև սրճարանի ամբողջ շահույթը։

BlogNews-ն այս նախաձեռնությունն իրականացնում է «Առաքելություն Հայաստան» հասարակական կազմակերպության հետ, որի օգնությամբ էլ ընտրվել են առավել կարիքավոր ընտանիքները։ «Աշխատում ենք սոցիալական ծառայության հետ, ունենք խոցելի խմբեր՝ միայնակ տարեցներ, հաշմանդամներ, բազմազավակ, գործազուրկ ընտանքիներ։ Մենք այցելել ենք նրանց տներ, տեսել իրավիճակն ու ընտրել նրանց, ովքեր իսկապես ունեն ճաշարանում սնվելու կարիք։ Տարիքային սահմանափակում չենք դրել»,- ասաց ՀԿ-ի հիմնադիր տնօրեն Հռիփսիմե Կիրակոսյանը ու հավելեց, որ նրանց ցանկում ընդգրկված են նաև սիրիահայեր։

Ճաշարանում գործելու է բուժկետ, լինելու է նաև սոցիալական աշխատող, ով կազմակերպելու է միջոցառումներ ճաշարանից օգտվողների համար։ «Կկազմակերպենք տարբեր միջոցառումներ քրիստոնեական տաղավար և այլ տոների առթիվ։ Կնշենք նաև ճաշարանից օգտվողների տարեդարձները»,- ասաց նա։ Արամ Անտինյանն էլ նշեց, որ շատ է կարևորում հանգստի սենյակի առկայությունը։ «Ուզում ենք այստեղ ստեղծել ընկերական միջավայր, որպեսզի ճաշարանը լինի ոչ միայն սնվելու, այլև առօրյան հետաքրքիր անցկացնելու տեղ։ Փորձել ենք այնպիսի միջավայր ստեղծել, որ ոչ թե ճաշարանային, այլ սրճարանային մթնոլորտ լինի»,- ասաց նա ու հավելեց, որ մարդիկ գալու են ժամը 12-ից և այստեղ մնալու են մի քանի ժամ։

Արամը հայտնեց, որ ճաշարանում մատուցվելու է բացառապես որակյալ սնունդ: «Ես անձամբ եմ հետևում, որ թե՛ գնումները, թե՛ պատրաստումը լինեն բարձր մակարդակի: Այստեղ սնունդը շատ ավելի որակյալ է լինելու, քան Երևանի շատ սրճարաններում: Մենք գրամներով հաշվարկել ենք, թե օրական քանի կալորիա է պետք մարդուն՝ առողջ լինելու համար, ու ճաշարաններում մատուցվելու է այդ կալորիականությամբ սնունդ»,- եզրափակեց նա։



Սրճարանի տնօրինության հետ կապ հաստատելու համար զանգահարեք 094-041613 հեռախոսահամարով։ 

Նյութը՝ Ամալյա Հովհաննիսյանի

Լուսանկարները՝ Կարեն Հովհաննիսյանի

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել