Նախորդ շաբաթ աշխարհում իրավիճակը բավական խառն էր: Մի կողմից՝ ռուսական ՍՈՒ-24-ի խոցման շուրջ կտրուկ լարումը, մյուս կողմից՝ դրա շուրջ գլոբալ արձագանքները, որ եկան ՆԱՏՕ-ից, ԵՄ-ից, ԱՄՆ-ից ու այլ երկրներից, մի տեսակ գլոբալ մեծ լարվածության ֆոն ստեղծեցին. «պատերազմի հոտ է գալիս»:

Զուգահեռ այս ամենին մի փոքրիկ, լեռնային ու «ամենակարևորը»՝ հպարտ երկրում տեղի ունեցան ոչ պակաս կարևոր իրադարձություններ. խոսքը, մասնավորապես, Նորք-Մարաշում մինչև ատամները զինված հանցավոր խմբի՝ ԱԱԾ-ի ու ոստիկական ուժերի կողմից վնասազերծման մասին էր: Այս խառը ժամանակներում, երբ «տեռորիզմը ծեծում է բոլոր երկրների դռները», երբ պատերազմ սկսելու հավանականությունը բավական մեծ է (առավել ևս, եթե դու «պասիվ» պատերազմի մեջ ես արդեն), նման կանխարգելիչ գործողությունը, որը հետագայում ՀՀ ԱԱԾ Քննչական վարչության պետի տեղակալի կողմից բնորոշվեց որպես «պետական իշխանության և կոնկրետ գործիչների դեմ ուղղված քայլեր», անկասկած մեծ հաջողություն էր: Սա նշանակում է, որ ԱԱԾ-ն իրեն այս պարագայում պրոֆեսիոնալ է դրսևորել:

Նման կարևոր ու վտանգավոր իրադարձությունների ֆոնի ներքո, սակայն, հայ հասարակության վիրտուալ ու նաև ոչ վիրտուալ որոշ հատվածների արձագանքը մի տեսակ ադեկվատ չէր: Ադեկվատ այն իմաստով, որ նրանց վերաբերմունքը որևէ կապ չուներ «վտանգ-անվտանգության դիխոտոմիայի» ռացիոնալ գնահատման հետ: Մարդիկ հեգնում, ծիծաղում, ձեռք էին առնում պետության ու հասարակության դեմ ուղղված գործողությունները, համարում դրանք շոու: Կասե՞ք՝ դա նրանց «ազատ խոսքի իրավո՞ւնքն» է, միգուցե....
Պակաս պաթոսով, սակայն արդեն նաև մասնագիտական ռացիոնալիզմից շատ հեռու դիտարկումներ հնչեցվեցին ռուս-թուրքականի մասով: Ավելին՝ կոնկրետ առաջարկներ էին ներկայացվում, թե պետք է վերախմբագրել պատմական որոշ փաստաթղթեր, պահանջներ ներկայացնել «ռազմավարական դաշնակցի» դեմ դուրս եկած Թուրքիային, այս ամենի միջոցով մեր պատմական խնդիրները լուծել, պատերազմ հայտարարել Թուրքիային: Կասեք՝ ծիծաղելի՞ է. ամենևի՛ն: Հասարակության մեջ կան շատ մարդիկ, որ խորապես կարծում են, թե այս ամենը պետք է արվի առանց սթափ գնահատելու նման մոտեցումների հետևանքները:

«Աբսուրդը» տարբեր դրսևորումնե՞ր է ունենում. իհարկե, սակայն երբ այն հատում է «վտանգ-անվտանգության» սահմանը, այն վերածվում է հանցավոր անսթափության:

Մի կողմից՝ պաթոսի առկայության, մյուս կողմից՝ ռացիոնալության իսպառ բացակայության պայմաններում տաքսու վարորդից մինչև «վերլուծաբան-փորձագետ» անպատասխանատու հայտարարություններ ու դատողություններ են իրենց թույլ տալիս, որոնք ուղղակիորեն վտանգում են պետության, քաղաքացու ու հենց իրենց անվտանգությունը: Այս պարագայում, իհարկե, մեծ դերակատարում ունեն որոշ «ցանցային» կոչվող լրատվամիջոցներ, ովքեր, տարածելով կեղծ/վերախմբագրած ինֆորմացիա, թե ասենք՝ «...ռուսները զորք են մտցրել Հայաստան...» կամ թե «...ՀՀ-ում ահաբեկչություն է նախապատրաստվել....» կամ թե «...քաղաքում երեխաներ են առևանգում...», պանիկայի ու լարվածության մթնոլորտ են ստեղծում: Սա արդեն բավական լուրջ է, և եթե կարիք կա, ապա, կարծում եմ, համապատասխան օրենսդրական փոփոխությունների արդյունքում օրենսդրական վերահսկողությունը պետք է խստացվի:

Մեծ հաշվով խոսքի ազատությունը մեզանում հասկացվել է ու ընկալվել է ամենասխալ կերպ, քանի որ մենք օր օրի վրա զգում ենք, թե ինչպես ամեն քաղաքացու, անհատի արտաբերած դատողությունը կարող է հանրային տարբեր շրջանակների համար դառնալ կողմնորշիչ ու նաև վտանգավոր: «Խոսքի ազատությունն» առաջին հերթին արտահայտվածի նկատմամբ պատասխանատվության առկայությունն է: Հակառակ վիճակը վտանգավոր է ոչ միայն սպառնալիքի տեսանկյունից, այն նաև առկա սպառնալիքին անլուրջ մոտենալու առումով: Իսկ սա արդեն պետության անվտանգության խնդիր է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել