Վարդան Սարգսյանի «Տնից հեռու» հաղորդումն արդեն բավականին սիրվել է հեռուստադիտողի կողմից։ Չնայած հաղորդման մասին կարծիքները դրական են, բայց, պարզվում է, Վարդանին սկսել են սպառնալ, ինչի մասին էլ նա պատմել է BlogNews.am-ին. «Հայաստանում ապրող բոլոր հնդիկներն ինձ դեմ են դուրս եկել, ասում են` վատ վայրերն եմ ցույց տվել և չեմ նկարահանել պատմական վայրերը, ինձ նամակներ են գալիս՝ ողողված սպառնալիքներով: Նրանք նաև ասում են, որ եթե ծրագիրը եթեր գնա, ես լուրջ խնդիրներ կունենամ: Բողոքում էին, թե ինչու եմ նկարահանել լվացքատունը, չնայած այդ վայրը հայտնի է ողջ աշխարհում, և բացի դրանից՝ այդ վայրի մասին պատմել է իրենց բնակիչներից մեկը»:

Այս ամենից զատ հնդիկները նաև բողոքել են, թե Վարդանը ծաղրել է նրանց. «Իհարկե նման բան չի եղել, ես շատ սիրում եմ այդ երկիրը, և եթե իմ նկարահանումները սկսել եմ հենց այդ երկրից, դա արդեն իսկ շատ բանի մասին է ասում: Բացի դրանից, ասում են՝ ինչու եմ նկարահանել հետնախորշերը, բայց մոռանում են, որ ամենահայտնի օսկարակիր ֆիլմը նկարահանվել է հենց այդտեղ, իսկ ես փնտրում էի երեխաներին, ովքեր նկարահանվել են այդ ֆիլմում»:

Հնդիկների զայրույթն այն աստիճանի է հասել, որ որոշել են արգելել Վարդանի մուտքը Հնդկաստան, անգամ ասել են, որ կվնասեն նրան: Մեր այն հարցին՝ արդյո՞ք հնարավոր է, որ, սպառնալիքներից ելնելով, հաղորդումը եթեր չգնա, Վարդանը պատասխանեց. «Նույնիսկ եթե նրանք ինձ սպանեն, միևնույն է՝ ինչ նկարել եմ, ցուցադրվելու է: Հնդիկները Պանկաջ անունով մի ղեկավար ունեն, ով ղեկավարում է այս շարժումը, նա քսանչորս ժամ շարունակ նամակներ և վատ մեկնաբանություններ է գրում «Տնից հեռու» հաղորդման էջում»: Ես չեմ էլ կարող պատկերացնել, թե ինչ է լինելու երկու օր հետո, քանի որ ցույց եմ տալու, թե ինչպես են այրում մահացած մարդկանց: Բայց դրանք ադաթներ են, դա իրենց հավատքն է, ես հարգում եմ դա, պարզապես նկարահանել եմ, որ այդ ամենը տեսնեն այստեղ»:

Զրույցի վերջում Վարդանն ասաց, որ չի վախենում նրանց սպառնալիքներից. «Ես նկարել եմ այն, ինչ կա, չեմ բեմադրել, այդ ամենն այնտեղ կա, և դրա համար ամեն օր ստանում եմ լավ նամակներ հազարավոր մարդկանց կողմից, ովքեր դիտում են և ցանկություն են հայտնում մեկնել Հնդկաստան»:  

 Նյութը` Սիրանուշ Գրիգորյանի

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել