Այս տարին Ռուսաստանի համար սկսվեց բավականին ծանր տնտեսական պայմաններում: Բնականաբար, դա չէր կարող չանդրադառնալ ՀՀ-ի տնտեսության վրա, քանի որ ՌԴ-ից մեր երկիր տրանսվերտների և օտարերկրյա ուղղակի ներդրումների տեսքով բավականին մեծ գումարներ են մտնում: Այսպիսով, այս տարվա առաջին ինը ամիսներին ՌԴ-ից Հայաստանի տնտեսության իրական հատվածում կատարված ներդրումների ծավալը նվազել է 23 մլրդ 936.6 մլն դրամով:

Այս պարագայում պետք է փնտրել այլ «դոնորներ», որոնք կարող են ներդրումների տեսքով գումար մտցնել ՀՀ, քանի որ երկրի տնտեսության շարժիչ ուժերից մեկը օտարերկրյա ներդումներն են:

Նոյեմբերի 30-ին հրապարակված ԱՎԾ տվյալների համաձայն՝ Հայաստանի տնտեսության իրական հատվածում այս տարվա ինն ամիսներին օտարերկրյա ներդրումների զուտ հոսքերի ծավալը կազմել է 141 մլրդ 555.5 մլն դրամ, որից ուղղակի ներդրումների ծավալը կազմել է 125 մլրդ 149.0 մլն դրամ: Այս ցուցանիշը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 37 մլրդ 976.7 մլն դրամով, այդ թվում՝ ուղղակի ներդրումներն աճել են 17 մլրդ 973.1 մլն դրամով:

Ընդհանուր ծավալներն աճել են հիմնականում մի քանի երկրներից կատարված ներդրումների հաշվին: Կտրուկ աճել են Շվեյցարիայից կատարված ներդրումների ծավալները՝ 39 մլրդ 316.0 մլն դրամով, որոնք ուղղվել են հիմնականում հանքարդյունաբերության, նաև մանրածախ և մեծածախ առևտրի ոլորտներ: Հաջորդը Գերմանիան է, որտեղից կատարված ներդրումներն աճել են 27 մլրդ 632.3 մլն դրամով, մյուսը Լյուքսենբուրգ` 21 մլրդ 242.2 մլն դրամով:

Չենք կարող չնկատել ԱՄՆ-ից կատարված ներդրումների ծավալների աճը՝ 7 մլրդ 685.0 մլն դրամով, ինչպես նաև Իտալիայից՝ 2 մլրդ 453.8 մլն դրամով, Ֆրանսիայից՝ 8 մլրդ 335.2 մլն դրամով: Կատարված ներդրումների հիմնական մասն ուղղվել է հանքարդյունաբերության ոլորտ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել