Երգիչ Վարդան Բադալյանը տևական ժամանակ է, ինչ չի երևում էկրաններին։ BlogNews-ը երգչից պարզել է, թե ինչով է պայմանավորված լռությունը։ «Պասիվություն ասվածը հարաբերական է։ Եթե խոսքը 2 ժամը մեկ տեսահոլովակ ներկայացնելու մասին է, որը ոչ ոքի պետք չէ, այո, պասիվ եմ, սակայն իրականում ես զբաղված եմ իմ աշխատանքով։ Վերջերս Բեյրութում  համերգներ ունեցանք «Kohar»-ի հետ։ Մի քանի օրից մեկնելու ենք Ռուսաստան, այնուհետև՝ Իսպանիա՝ համերգներին։ Անընդհատ շրջագայությունների մեջ եմ, սակայն տեսահոլովակ նկարահանելու մասին այժմ չեմ մտածում, որովհետև դա մի քիչ անիմաստ է դարձել։ Թե՛ ֆինանսական, թե՛ այլ առումներով տեսահոլովակն այլևս իրեն չի արդարացնում»,- ասաց երգիչը։

Ինչ վերաբերում է նոր ստեղծագործությունների բացակայությանը՝ Վարդանն ասաց, որ ունի նոր երգեր, որոնք կատարում է համերգների ժամանակ, սակայն ժամանակի սղության պատճառով չի հասցնում ձայնագրել։

Վերջին շրջանում հայտնիներից շատերը չեն բավարարվում միայն երաժշտական գործունեությամբ զբաղվելով և այլ աշխատանք են գտնում, քանի որ երգարվեստի եկամուտը քիչ է։ Վարդանը նշեց, որ այս փուլում ուրիշ ոչ մի բանով զբաղվել չի հասցնում. «Ճիշտ եք, միջոցները չեն բավականացնում։ Իմ մտքով էլ է անցնում այլ բան անել, ուղղակի դեռ չեմ որոշել՝ ինչ։ Ես աշխատում եմ նաև ռեստորանում, մասնակցում եմ կորպորատիվ միջոցառումների, քանի որ միայն համերգներով հաստատ չի լինի»։

Վարդանից հետաքրքրվեցինք նաև ընտանիքի մասին։ Նրա փոքրիկը՝ Առնոն, արդեն 3.5 տարեկան է, մանկապարտեզ չի գնում, սակայն մանկական զարգացման կենտրոն է հաճախում։ «Դեռ փոքր է, չենք ուզում ծանրաբեռնել և ինչ-որ խմբակների տանել։ Արդեն նկատելի է, որ շատ երաժշտական է. մի անգամ լսում է երգն ու հիշում, հետո երգում է, պարում»,- ասաց նա։

Երգիչը նշեց, որ փորձում է հնարավորինս շատ ժամանակ տրամադրել երեխային, միասին խաղում են, հետաքրքիր զբաղմունքներ գտնում. «Փորձում եմ այնպես անել, որ նրան խնամելու պարտականությունները միայն կնոջս վրա չլինեն։ Երբ միասին խաղում ենք, աշխատում ենք չջղայնացնել մայրիկին։)»։

Վարդանի խոսքով՝ երբ մեկնում է հյուրախաղերի, հնարավորության դեպքում փորձում է ընտանիքին տանել իր հետ, սակայն միշտ չէ, որ դա ստացվում է։ «Եթե պայմանները լավ են, փորձում եմ իրենց էլ տանել ինձ հետ։ Տղաս շատ է կարոտում ինձ, նույնիսկ հիվանդանում է կարոտից, երբ մոտ 10 օրով եմ մեկնում հյուրախաղերի,- ասաց նա ու հավելեց, որ Երևանում էլ փորձում են հետաքրքիր ժամանց կազմակերպել։ -Եթե լավ եղանակ է լինում, սիրում եմ ընտանիքիս հետ գնալ քաղաքից դուրս, բնության գրկում լինել։ Հաճախ էլ բուսաբանական այգի ենք գնում, որը մեր հարևանությամբ է»։

Նյութը՝ Ամալյա Հովհաննիսյանի

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել