«Քարե դարդ» սիթքոմում դերասան Ռաֆայել Երանոսյանը մարմնավորում է շամանին, որը Վաչեի կերպարի՝ գլխավոր հերոսի հիմնական մրցակիցն է։ Քարե դարում Ռաֆոյի հերոսը բավականին կարևոր դեր ուներ, նա էր ստանում կրակը, և ահա հայտնվում է Վաչեն՝ իր հասարակ կրակայրիչով ու խլում Ռաֆոյի մենաշնորհը:) Վերջինն իր հերթին հետ չի մնում, հետևում է նրան ու գողանում կրակայրիչը։

«Շատ չար կերպար չէ, սակայն չարություն ունի իր մեջ։ Կրակ ստեղծող, աստվածների հետ զրույցի, պայքարի մեջ մտնող կերպար է։ Ես և Վաչեի հերոսը պայքարի մեջ ենք միմյանց հետ, որովհետև նա հա՛մ իմ գործն է անում, հա՛մ սիրահարվում է այն աղջկան, ում ես եմ սիրում»,- BlogNews-ին հայտնեց Ռաֆոն ու հավելեց, որ խոսքը ցեղապետի դստեր՝ Անատիի կերտած կերպարի մասին է։

«Քարե դարում լինելն ինձ համար հետաքրքիր էր։ Հայկական հեռուստատեսությունում սա առաջին փորձն է, իսկ ես սիրում եմ փորձությունների ենթարկել ինձ։ Երբ «ATV»-ի տնօրեն Վահագն Խաչատրյանն ինձ առաջարկեց այս դերը, համաձայնեցի, որովհետև այս սիթքոմն իր տաղավարով, հագուստներով արդեն իսկ տարբերվում է՝ քարե դար, դինոզավրեր, չղջիկներ»,- ասաց նա։ Անձնակազմից շատերը նշել են, որ բարդ էր հարմարվել տաղավարին, հագուստին, սակայն Ռաֆոն նշեց, որ մասնագիտությամբ դերասան լինել նշանակում է իրեն գտնել ցանկացած իրավիճակում. «Ես ինձ հարմար եմ զգում քարե դարում, այս հագուստների մեջ»։

Ռաֆոն նշեց, որ սիթքոմն իր համար արդեն իսկ հետաքրքիր է։ «Դու պետք է սցենարը հարմարեցնես քեզ։ Այնպես չէ, որ ես շատ եմ շեղվում սցենարից, սակայն փորձում եմ այնպես անել, որ հետաքրքիր սցենարին լավ խաղն էլ ավելանա։ Տղաներն էլ ինձ ճանաչում են, գիտեն իմ պոտենցիալն ու ինձ համապատասխան սցենար են գրում։ Կարծում եմ՝ հետաքրքիր կլինի»,- ասաց Ռաֆոն։

Ինչ վերաբերում է հարցին, որ նա և Անդոն այժմ միասին չեն ներկայանում հեռուստանախագծերում, Ռաֆոն անմիջապես արձագանքեց, որ կռված չեն։) «Առաջարկի դեպքում անպայման կրկին միասին կներկայանանք։ Ռեժիսորները, պրոդյուսերները հիմա առանձին կերպարներ են առաջարկում, մենք էլ համաձայնում ենք։ Այնպես չէ, որ առանց իրար ոչ մի տեղ չենք նկարահանվելու։ Այս փուլում ռեժիսորներն են մեզ առանձին տեսնում, մենք էլ դեմ չենք։ Այնպես չէ, որ անընդհատ պիտի միասին լինենք,- ասաց նա, իսկ հարցին՝ արդյոք որպես զույգ իրենց սպառել էին, պատասխանեց,- չէ, երբեք։ Եթե մենք կարողանում ենք առանձին հանդես գալ, պատկերացրեք՝ միասին ինչպես կներկայանայինք»։

Նյութը՝ Ամալյա Հովհաննիսյանի

Լուսանկարները՝ Կարեն Հովհաննիսյանի

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել