Նախկին հաղորդավարուհի Աննա Կոկչյանը, ով այժմ ներկայանում է որպես Ինգրիտ Կոկչյան, բիզնես է սկսել։ «Ingri Arbor» ապրանքանիշի ներքո նա ներկայացնում է զարդերի իր հավաքածուն։ BlogNews-ն Ինգրիտի հետ խոսել է նոր զբաղմունքի մասին, որը, ինչպես զրույցի ընթացքում պարզեցինք, ամբողջովին կլանել է Ինգրիտին։)

«Թեև դիզայներական կրթություն չունեմ, ինքս եմ անում շատ բաներ և հետևում զարդերի տեսքին ու կատարմանը: Ինձ հաճելի է գիտակցել, որ յուրաքանչյուր ձեռագործ զարդը կկրի իմ էներգիան ու սերը, քանի որ ես սիրով եմ անում այս գործը»,- ասաց նա ու հավելեց, որ հավաքածուն ոգեշնչված է հայկական և համաշխարհային ազգային զարդանախշերից ու ձևերից:

«Հավաքածուն ստեղծելիս փորձել եմ մաքսիմալ մոտ մնալ իմ արմատներին, միևնույն ժամանակ տալ ինչ-որ նոր, յուրահատուկ լուծումներ: «Ingri Arbor» ապրանքանիշի զարդերը բացառիկ են, հեղինակային են ու չեն կրկնվում։ Հավաքածուն կարելի է այսպես նկարագրել՝ ամբողջությամբ բնական նյութերից պատրաստված զարդեր, որոնք կընդգծեն իրենց տիրուհու յուրահատկությունը, բացառիկ կդարձնեն կրողի ընտրած կերպարը և դրական լիցքեր կբերեն նրա կյանք»,- նկատեց նախկին հաղորդավարուհին:

Ըստ Ինգրիդի՝ բիզնես սկսելու մտածված որոշում չի կայացրել։ «Դիզայնի ու հենդմեյդի մասին հետաքրքիր կայքեր էի նայում, գրքեր կարդում, ինքս էի փորձում պատրաստել որոշ բաներ: Այդ շրջանից բոլոր ընկերներս ունեն որևէ նվեր իմ կողմից պատրաստված՝ մոմ, օճառ, ապարանջան և այլն: Շուտով հոբբիս ավելի խորացավ, ես ժամեր էի անցկացնում արվեստանոցում՝ փորձարկելով, համադրելով այս ու այն նյութերը: Վերջում հասկացա, որ սա արդեն լուրջ է, ու կարելի է կանգ առնել հենց այս գործի վրա, դարձնել այն ավելի մտածված... Բոլոր ընկերներս միաձայն պնդում էին, որ էջ բացեմ, գործերս ցուցադրեմ և այլն: Քանի որ ինձ շրջապատում են գեղեցիկ, հետաքրքիր ու կայացած կանայք, հենց նրանք էլ՝ իմ սիրելի ընկերուհիները, ոգեշնչեցին ինձ, որ ես ստեղծեմ այն, ինչն ավելի կընդգծի նրանց յուրահատկությունն ու գեղեցկությունը»,- պատմեց Ինգրիդը:

Խոսելով գնային քաղաքականության մասին՝ նախկին հաղորդավարուհին շեշտեց, որ զարդերը պատրաստվում են բարձրակարգ, բնական նյութերից, գործածվող ներկն ու սոսինձները նույնպես էկո են, և ինքը նախընտրում է աշխատել բարձր ինքնագնով. «Զարդերի տեսքը, ոճը մասսայական չեն, հետևաբար գինն էլ այնպիսին է, որ «ֆիլտրում» է բոլոր նրանց, ովքեր առանց հասկանալու գնում են իրենց հետ ոճային առումով կապ չունեցող իրեր: Նման ֆիլտրացումը թողնում է միայն նրանց, ովքեր գնահատում են ձեռքի աշխատանքը, սեփական ոճի ունիկալ զգացողություն ունեն ու ամենակարևորը՝ գեղեցիկ են»:

Ինգրիտի խոսքով՝ բիզնեսի եկամտաբերությունը երկրորդ պլանում է, առաջնայինն այն է, որ գործն իրեն դուր է գալիս ու էսթետիկ հաճույք տալիս, հատկապես՝ երբ որևէ գեղեցիկ կնոջ ձեռքին տեսնում է ավարտուն տարբերակը: «Այս գործն ինձ նաև նվիրում է նոր, հետաքրքիր ծանոթություններ: Սա է առաջնայինը։ Եկամուտն արդեն մյուս պլանն է: Իհարկե չեմ ասի, որ պետք է անտեսել եկամտաբերությունը, ոչ, յուրաքանչյուր բիզնես պետք է ունենա եկամուտ, այլապես ի՞նչ իմաստ ունի այն բիզնես կոչելը: Չնայած նոր եմ սկսել աշխատել՝ արդեն իսկ ունեմ մի քանի շատ հետաքրքիր պատվեր արտերկրում բնակվող կանանցից, ովքեր լիովին համապատասխանում են իմ բրենդի տեսլականին՝ հաջողակ են, գեղեցիկ, կայացած ու շքեղ են իրենց ամեն մի դրսևորման մեջ»,- ասաց Ինգրիտը:

Նյութը՝ Ամալյա Հովհաննիսյանի

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել