Թուրքական բռնակալության դեմ հայերի ազատագրական պայքարը բազում հերոսական էջեր ունի: Բայց կա մի դրվագ, որը թերևս քիչ է հայտնի լայն հասարակությանը: 20-րդ դարասկզբի հայ հայրենասիրական երիտասարդության կուռքն էր հանդիսանում Ռուբինա Արեշյան-Օհանջանյանը (1881, Թիֆլիս- 1971, Կանադա), ով տակավին 24 տարեկան` 1905 թվականին նախապատրաստել և իրականացրել է սուլթան Աբդուլ Համիդի վրա մահափորձը: 

Ռուբինան ծնվել է Թիֆլիսի կալվածատիրոջ ընտանիքում և վաղ հասակից ներգրավվել է հայ ազգային ազատագրական շարժմանը: Լինելով խիզախ ու համարձակ բնույթի անձնավորություն՝ իր բարձր անհատականության շնորհիվ նա շուտով ընդգրկվում է ՀՅԴ-ի այն խմբում, որը պետք է Քրիստափոր Միքայելյանի ղեկավարությամբ ձեռնարկեր Աբդուլ Համիդի վրա մահափորձը (դա պատասխանն էր «արյունոտ» սուլթանի կողմից 1904 թ. Սասունի ապստամբության դաժան ճնշման): Սակայն տեղի է ունենում անսպասելին. Քրիստափորը զոհվում է ռումբի փորձարկման ժամանակ: Առաջնորդի մահը ծանր հարված էր, սակայն Ռուբինան պնդում է, որ գործողությունը չպետք է չեղյալ համարվի, և որոշվում է այն հասցնել մինչև վերջ: 

Մահափորձը պլանավորվում է իրականացնել Պոլսի Ելտըզ մզկիթի մուտքի մոտ, որտեղ ամեն ուրբաթ աղոթում էր սուլթանն իր վերնախավի հետ: Նախնական մտահղացմամբ Ռուբինան պետք է անձամբ մոտենար և ռմբահարեր սուլթանի շքախումբը: Սակայն որոշվեց փոխել այդ տարբերակը` որպես բազում վտանգնելով լի: Վիեննայից մեծ դժվարություններով թանկարժեք կառք է ձեռք բերվում, որի մեջ տեղադրվում է ժամացույցով աշխատող հզոր ռումբը: Մանրակրկիտ ուսումնասիրված ու հաշվի էր առնված սուլթանի մզկիթ հաճախելու և այնտեղից դուրս գալու ճշգրիտ ժամանակացույցը. ռումբը պետք է պայթեր սուլթանի մզկիթից դուրս գալու պահին: 1905-ի հուլիսի 21-ին Ռուբինան և ընկերները կարողանում են ռումբով կառքը հարմար կայանել մզկիթի մուտքին հնարավորինս մոտ և որոշված ժամով գործարկել ժամացույցը: Երբ գալիս է պահը, ողջ Պոլիսը ցնցվում է հզոր պայթյունից: Գործողությունից զոհվում են ավելի քան 40 թուրք բաձրաստիճան պաշտոնյաներ, խորտակվում է 20 կառք, սակայն սուլթանը, ցավոք, հապաղում է մզկիթից դուրս գալու պահին և ուղղակի հրաշքով ողջ է մնում: Օգտվելով խառնաշփոթից` Ռուբինան և զինակիցները կարողանում են բարեհաջող փախչել: Ռուբինան անցնում է Եվրոպա: 

1908 թ. Օսմանյան սահմանադրության հռչակումից հետո նա կրկին վերադառնում է Պոլիս: Իսկ 1909 թ. լսելով ցարական կառավարության կողմից դաշնակցական գործիչների, այդ թվում նաև Համո Օհանջանյանի (ում հետ մտերիմ էր) ձերբակալման լուրը՝ վերջինիս օգնելու նպատակով գալիս է Կովկաս: 1912 թ. «Դաշնակցության դատավարության» շինծու գործով Օհանջանյանն աքսորվում է Սիբիր: Ռուբինան ևս մեկնում է նրա հետ այնտեղ: Շուտով Ռուբինան և Համո Օհանջանյանն ամուսնանում են: 1915 թ. սկզբին Ռուբինան Օհանջանյանի հետ աքսորից կրկին վերադառնում է Հայաստան և ռազմաճակատային հոսպիտալներում աշխատում է որպես բուժքույր` օգնելով իր բժիշկ ամուսնուն, ով հետագայում դարձավ Հայաստանի անկախ Հանրապետության վարչապետ: 1921-ին Հանրապետության անկումից հետո Օհանջանյանները հաստատվում են Կահիրեում, որտեղ Ռուբինան աշխատում է Համազգային հայ կրթական և մշակութային միությունում: Ամուսնու մահից հետո Ռուբինան տեղափոխվում է Կանադա, որտեղ էլ մահանում է 90 տարեկան հասակում` մինչև կյանքի վերջը պահպանելով իր ըմբոստ ու անկոտրուն հայրենասիրական ոգին:

Նկարում. Ռուբինան (աջից)` քրոջ և Ք.Միքայելյանի հետ (1905); Ռուբինան` Հ.Օհանջանյանի և Ռ.Տեր-Մինասյանի (1940) հետ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել