«Ես, իմ մաման ու մեր կանայք». այսպես է կոչվում Դավիթ Սեխպեյանի բեմադրած ներկայացումը, որը նա արդեն ներկայացրել է ամերիկաբնակների դատին: BlogNews.am-ի հետ զրույցում Դավիթը պատմել է ինչպես ներկայացման, այնպես էլ ԱՄՆ մեկնելու մասին. «Ներկայացմանը պատրաստվել ենք մոտ երկու ամիս, բուն նպատակն այն է, որ հարկավոր է հետևել սրտին և չդավաճանել սեփական զգացմունքներին: Այս ներկայացումը նախատեսված է բոլորի համար՝ անկախ տարիքից և սեռից: Այն ամուսնության մասին է և պատմում է, թե ինչպես է տղայի մաման անհանգստանում զավակի երջանկության համար և անում ամեն ինչ, որ տղան արժանի կին գտնի»:

Նախքան դերասաններին գտնելը Դավիթի պիեսն արդեն պատրաստ էր, բայց բեմադրման ընթացքում նա շատ բաներ հարմարեցրել է դերասաններին. «Ես շատ շնորհակալ եմ իմ դերասաններին՝ աշխատանքային ամենահաճելի պրոցեսի համար՝ Աննա Նուրիջանյանին, Էնջլ Մարտիրոսյանին, Վահագն Ստեփանյանին, Մարինե Մինասյանին, Հռիփսիմե Կիրակոսյանին, Նարինեն Պողոսյանին և M Dance Studio-ին: Պետք է ասեմ, որ հայ հանդիսատեսի ջիգյարն անկրկնելի է և նույնն է՝ անկախ նրանից, թե որ ծայրում ես գտնվում: Առաջիկայում էլ պատրաստվում ենք նոր հյուրախաղերով գնալ Լաս Վեգաս, Ֆրեզնո, Սան Ֆրանցիկսո և այլ քաղաքներ»:

Դավիթը նշեց, որ շուտով նոր բեմադրություն են պատրաստվում ներկայացնել երեխաների համար։ «Եթե հաջողվի, նաև ուզում եմ իմ կոլեգաների և հարազատ մարդկանց հետ պատրաստել հաղորդաշար այն մասին, թե ինչ գաղտնիքներ կան օվկիանոսից այս կողմ, հաղորդումը կլինի զվարճալի և ուսուցանող: Չեմ ուզում առայժմ որևէ սերիալում խաղալ, երևի պարզապես ժամանակ չունեմ»,-խոստովանեց Դավիթը:  

Խոսելով ԱՄՆ մեկնելու մասին` Դավիթն այսպես արտահայտվեց. «Ես չգիտեմ՝ ինչու մեկնեցի ԱՄՆ, իմ հարազատները և ընկերներն ասում էին` մի գնա, դու ունես ամեն ինչ, ինչ հարկավոր է արվեստագետին, այնտեղ գնալով՝ կարող ես կորցնել ամեն ինչ: Գուցե հիմար կամ խելացի քայլ եմ արել, որ մեկնել եմ, բայց ուզում եմ, որ իմ ազգն իսկապես հպարտանա ինձանով, և իսկապես պիտանի լինեմ իմ ազգին, եթե նույնիսկ ոչինչ չստացվի, ամեն դեպքում կիմանամ, որ փորձել եմ: Իսկ լավ կյանքը մենք ենք ստեղծում, նույնիսկ անապատում, նույնիսկ այնտեղ, որտեղ կյանք չկա: Անկախ նրանից, թե որտեղ ես ապրում՝ քո կյանքի տերը դու ես, բայց ամեն դեպքում Հայաստանն անկրկնելի է, իսկ ես մեկ քայլով ուզում եմ ավելի մոտ լինել իմ երազանքին: Շատ եմ կարոտել հարազատներիս և բոլորին, բարևում եմ բոլորին»:

Նյութը` Սիրանուշ Գրիգորյանի

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել