Արամ Աշոտի ՍարգսյանՀարցին պատասխանում է Գրիգոր Նարեկացի բժշկական կենտրոնի գինեկոլոգիական բաժանմունքի մանկաբարձ-գինեկոլոգ Արամ Սարգսյանը։

Հեշտոցային արտադրության պատճառներ են բակտերիալ վագինոզը (ԲՎ), տրիքոմոնիազը (ՀՏ հեշտոցային տրիքոմոնիազ) և կանդիդիազը: 

Նորմալ արտադրություն

Հեշտոցային արտազատուկ ունենում է յուրաքանչյուր կին: Հեշտոցում  ու արգանդավզիկում գտնվող գեղձերը ոչ մեծ քանակությամբ լորձ են մշակում, որն օրգանիզմից դուրս է գալիս մեռած բջիջների հետ` այդպիսով մաքրելով ներքին սեռական օրգանները: Ստացվում է, որ այդ արտազատուկները մաքրում են սեռական ուղիներն ու բնական քսուկի դեր կատարում, կանխում վարակների տարածումը: Այն հոտ չունի, իսկ եթե ունի էլ, ապա տհաճ չէ, թափանցիկ է կամ էլ սպիտակավուն, դուք այն կարող եք նկատել սպիտակեղենի վրա:

Պաթոլոգիկ արտադրություն

Պաթոլոգիկ արտադրությունն առաջանում է սեռական օրգանների հիվանդությունների ժամանակ: Առավել հաճախ դա վարակիչ բորբոքային հիվանդություններն են: Հեշտոցից պաթոլոգիկ արտադրությունը կարող է լինել նաև հեշտոցի դիսբակտերիոզի, սեռական օրգանների նորագոյացությունների, էնդոմետրիոզի, կնոջ հորմոնալ ֆոնի խանգարումների և այլ պատճառների հետևանք:

Սեռական ճանապարհով փոխանցվող հիվանդությունների համար բնորոշ արտադրության օրինակներ՝

- Գարդներելիոզ՝ սակավ կամ չափավոր արտադրություն՝ գորշ կամ սպիտակ գույնի, տհաճ «ձկան» հոտով:

- Գոնորեա՝ կանանց մոտ արտադրությունն աննշան է, թարախային բնույթի, սովորաբար չի ուղեկցվում արտահայտված ախտանշաններով:

- Սուր տրիխոմոնիազ՝ առատ, ջրիկ, փրփռոտ արտադրություն՝ ուժեղ տհաճ հոտով: Գույնը՝ դեղնա-կանաչավուն:

- Խլամիդիոզ՝ լորձա-թարախային արտադրություն հեշտոցից՝ փոքր քանակությամբ, հաճախ առանց ախտանշանների: Կանացի սեռական համակարգի հիվանդությունների մասին վկայող արտադրությունը դեպքերի մեծ մասում միմյանց նման տեսք ունի, և խորհուրդ եմ տալիս անհապաղ դիմել գինեկոլոգի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել