Ծուխ, կրակոցներ, զենքերով լի մեքենաներ. այս ամենը կարելի էր տեսնել Դիանա Գրիգորյանի «Առաջնորդները» հեռուստանովելի սերիաներից մեկի նկարահանումների ժամանակ: BlogNews.am-ը ներկա է եղել նկարահանմանը. տեսարաններից մեկում նկարահանվում էր գլխավոր դերակատարներից Արտաշես Ալեքսանյանը։

«Դիանա Գրիգորյանը ևս մի անգամ ներկայացնում է շատ հետաքրքիր պատմություն, դա մարդկային կյանքի ճակատագրերի մասին է՝ իրենց բախումներով, նպատակներով և հույզերով,- պատմում է Արտաշեսը։- Իմ հերոսը սկզբում լինում է դատավորի վարորդ, բայց ընտանիքի անդամների մահից հետո սկսում է ձկնորսությամբ զբաղվել, որպեսզի գոյությունը պահի: Նա սկսում է ձուկ վաճառել, բայց որոշում է, որ այդքան քիչ փողով չի կարող լուսավոր ապագա կառուցել իր խորթ դստեր համար: Նա մտնում է սև մութ գործերի մեջ, որոնցով զբաղված էր անցյալում՝ զենք-զինամթերքի վաճառքով է զբաղվում: Գնում է Մոսկվա, որպեսզի այդ ամենը ձեռք բերի»:

Ըստ սցենարի՝ մոսկովյան տեսարանները բավականին լարված էին անցնում, քանի որ զենք-զինամթերքով բեռնված մեքենաներին հետապնդում էին։ «Հետևողներն ուզում են տիրանալ մեքենաների պարունակությանը և փորձում են տանել դրանք: Զոհ տալով երկու վարորդներին` իմ հերոսը նստում է մի ծառի մոտ և ասում հրաշալի խոսքեր. «Էլի ընկար փողերի հետևից, եկար, հասար այստեղ, այդ փողն ի՞նչ ա, որ ամբողջ աշխարհը վազում ա, աշխարհը խառնվել ա, փողի համար մարդը մարդու է սպասնում, բայց պետք է հակառակը լինի՝ մարդը պետք է մարդ ծներ»»,-մեկնաբանում է դերասանը:

Սերիալի տեսարանները ոչնչով չեն զիջում գեղարվեստական ֆիլմի տեսարաններին: Դիանա Գրիգորյանն էլ ասաց, որ նկարահանման ընթացքում իրենք դուրս են գալիս կաղապարներից. «Մենք իրականում նկարահանում ենք բազմասերիանոց հեռուստաֆիլմեր, որտեղ ռեալիզացնում ենք իրականությունը ստեղծագործության հետ, փորձում ենք հնարավորինս իրականությունը մատուցել իրական գույներով»:

Դիանա Գրիգորյանն իր բոլոր սերիալների սցենարները գրելիս մի կարևոր սկզբունք է որդեգրել. ցանկացած պարագայում պետք է հաղթի բարին։ «Կյանքում, իհարկե, այդպես չի լինում, որ բարին միշտ հաղթի, բայց ես սերիալներում այնպես եմ անում, որ թշնամիները պարտադիր հաշտվեն,- ասաց Դիանան ու հավելեց,- մի օրինակ բերեմ, վերջերս Դավիթ Թադևոսյանի հետ զրուցում էինք, նա ասաց, որ կարոտել է Սպոյի կերպարը: Հարցնում եմ՝ իսկ ի՞նչն էիր սիրում Սպոյի, նա պատասխանում է՝ սերը, թե ինչպես էր իր պապիկին հարգում, սիրում, թե ինչպես էր իր կնոջն ընդունում: Չնայած ասում էին, որ Սպոն ժարգոնով է խոսում, բացասական կերպար է, բայց Դավիթը պատմեց, որ մի քանի անգամ իրեն մոտեցել են և ասել` Սպոյի շնորհիվ մեր տան տղան այնքան ջերմ է խոսում իր պապիկի հետ»:

Ինչպես հաղորդում է Դիանան, «Առաջնորդները» սերիալի նկարահանումները միայն Հայաստանում չեն սահմանափակվելու. «Միացյալ Նահանգներում էլ պետք է նկարահանումներ իրականացնենք, Ալեքսանդր Խաչատրյանը կմեկնի Միացյալ Նահանգներ, ևս մի քանի դերասանների ինտեգրումով կկատարենք սյուժետային գիծը: Կլինեն հետաքրքիր նկարահանումներ, քանի որ այս սերիալն Ամերիկայի հետ համատեղ է, առաջիկայում գուցե այլ տեղեր էլ կարողանանաք անել նկարահանումներ, եթե, իհարկե, սյուժեն պահանջի: Այնպես չէ, որ մենք ԱՄՆ-ում նկարահանում իրականացնում ենք ինչ-որ բան ցույց տալու համար»:

Նյութը` Սիրանուշ Գրիգորյանի

Լուսանկարները` Կարեն Հովհաննիսյանի

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել