Օրեր առաջ թուրքական օդուժի կողմից ռուսական ռազմական ինքնաթիռի կործանումից հետո ակտիվ քննարկվում են ռուս-թուրքական հարաբերությունների վատթարացման և այդ գործընթացում Հայաստանի համար որոշ բոնուսների առաջացման հանգամանքը։ Իմ համեստ պատմական գիտելիքներով՝ պատմության ընթացքում այս երկու պետությունների միջև տեղի են ունեցել ընդհանուր թվով 13 պատերազմներ (կամ լոկալ կոնֆլիկտներ), որոնցում ակտիվորեն մասնակցել է նաև հայ ազգը` իր արևմտյան և արևելյան հատվածներով։ Նշված ընդհարումներից 2-ն ավարտվել են ռուսների հաղթանակով, 2-ը՝ թուրքերի, և ևս 2-ն ավարտվել են մարզական լեզվով ասած ոչ ոքի (այդ հարցում փայլուն դերակատարություն են ունեցել անգլիական և ֆրանսիական դիվանագիտության այդ ժամանակների առաջնորդները): Նշված պատերազմներից յուրաքանչյուրի ժամանակ կողմերից յուրաքանչյուրը առաջնորդվել է իր պետության արտաքին քաղաքականության և շահերի պահանջներից ելնելով, սակայն Ռուսաստանը պարբերաբար իր գրավչական ախորժակը պատճառաբանել է նաև թուրքական տիրապետության տակ գտնվող եղբայրական քրիստոնյա պետությունների ազատագրման սուրբ առաքելությամբ։ Համենայնդեպս, բոլոր պատերազմների ժամանակ ռուսական տերությունը (թագավորություն, կայսրություն` տարբեր ժամանակներ, տարբեր անվանումներ) հետապնդել է երկու գերխնդիր. հնարավորինս ամրապնդել իր դիրքերն ու ազդեցությունը Կովկասում, ինչպես նաև դառնալ սևծովյան տարածաշրջանում գտնվող Բոսֆորի և Դարդանելի նեղուցների միանձնյա տնօրինողը։ Սակայն, ինչպես երևում է պատմությունից, ռուս տիրակալները (այդ թվում Պետրոս Մեծը) հանուն նեղուցային ծրագրերի իրականացման հաճախ կեսից հրաժարվել են կովկասյան նկրտումներից։
Ավելորդ է հիշեցնել, որ կովկասյան ճակատում Ռուսաստանի անփոփոխ դաշնակիցը մշտապես եղել է հայ ազգը, որը թուրքական ճանկերից ազատվելու իր միակ հնարավորությունը տեսել է եղբայրական ռուս ազգի գիրկը նետվելու եղանակով։ Համենայնդեպս, Ռուսաստանն այդքան սենտիմենտալ չի եղել և նշված հակաթուրքական արշավանքները սկսել է միայն իր անձնական նկրտումներից դրդված։ Եվ այսպիսով, մեր փոքրաթիվ հայ ժողովուրդը մշտապես հայտնվել է այս երկու հզոր տերությունների` Բյուզանդիան կործանած ու Եվրոպայի «չալաղաջ» կտորին տեր կանգնած Թուրքիայի և դարից դար համաշխարհային գերտերություն դառնալու ամբիցիաներով ողողվող Ռուսաստանի պայքարի տարածաշրջանային կիզակետում։ Ավելորդ եմ համարում հիշեցնել, որ յուրաքանչյուր ռուսական պարտությունից հետո թուրքերն իրենց մուսուլմանական գիրկը դավաճանած և դեպի սլավոնական փարթամ կուրծքը վազած հայերին դավաճանի պիտակ կպցնելուց հետո, դաստիրակչական նպատակներով սրի են քաշել։ Նույնիսկ 20-րդ դարի սկզբին ողջ Ռուսաստանը միջազգային հանրության հետ միասին լուռ հետևեց 1.5 միլիոն հայերի ոչնչացմանը։ Ոմանք կարող են պնդել, որ նշված իրադարձությունները կատարվել են առաջին համաշխարհային պատերազմի տարիներին, և ընդհանուր խառնաշփոթի ժամանակ մեզ դաշնակից պետությունները ընդամենը չեն նկատել տեղի ուենցածը։ Ես այդ հարցում ունեմ սեփական կարծիքը. պատերազմի ժամանակ յուրաքանչյուր կողմ առաջին հերթին առաջնորդվում է սեփական ազգին պաշտպանելու առաքելությամբ, իսկ դաշնակիցների մասին՝ «կմտածենք ժամանակ լինելու դեպքում»։ Մեր բախտը չբերեց, ժամանակ չկար։ Այնուամենայնիվ, Ռուսաստանը, ինչպես և ցանկացած պետություն, առաջին հերթին մտածում է իր պետության արտաքին և ներքին շահերի մասին, և պետք չէ պատմության ընթացքում տեղի ունեցած դրվագները համարել որպես դավաճանություն, ինչպես նաև պետք չէ մեր սեփական ուժերը մի կողմ դնելով հուսալ, որ մեծահոգի գերտերությունները, իրենց բանուգործը թողած, գալու են մեզ օգնելու։ Յուրաքանչյուր խնդիր ցանկալի է, քանի արդիական է, երբ կորցնում ես քո արդիականությունը՝ լքվում ես շատերի կողմից, իսկ կյանքի դաժան օրինակների համաձայն՝ ընկերների գնալուց հետո անպայման գալիս են թշնամիները։ 
Մի փորձեք մտքում հաշվարկել ռուս-թուրքական ընդհարման արդյուքում Հայաստանի համար առաջ եկող օգուտների քանակը, քանի որ պատմության դասերը մեզ միշտ հակառակն են ապացուցել։ Այսպիսով եկեք հույսներս չդնենք, որ Ռուսաստանը մեկ հատ խփված կործանիչի պատճառով պատերազմ կհայտարարի ՆԱՏՕ-ի ամենամարտունակ բանակներից մեկին և հաղթելուց հետո էլ մեզ հետ կվերադարձնի մեր հողերը։ 
Պրուսական հայտնի առաջնորդ և հրամանատար Օտտո ֆոն Բիսմարկն ասել է. «Մեծ քաղաքականությունը սկսվում է այնտեղ, որտեղ միլիոներն են, հազարները հաշիվ չեն»։ Ավաղ, մենք մտնում ենք հազարների մեջ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել