Մոտ 2 շաբաթ է, ինչ դերասանուհի, հաղորդավարուհի Անահիտ Կիրակոսյանը չի վարում «Առավոտը Շանթում» հաղորդումը, և հեռուստադիտողների մոտ հարց է առաջացել՝ ո՞ւր է Անահիտը։ Մեր ընթերցողներն այս ընթացքում Անահիտին տեսել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում և խնդրել պարզել՝ ի՞նչ է պատահել դերասանուհուն։

BlogNews-ի հետ զրույցում Անահիտն ասաց, որ վերջին շրջանում հաճախ էր հիվանդանում, պարզվել է՝ նշիկները բորբոքված են, և վիրահատության կարիք կա։ Նոյեմբերի 17-ին նրան վիրահատել են։ Անահիտն արդեն լավ է զգում իրեն, թեև խոսել դեռ քիչ է կարողանում։ «Մեծահասակների մոտ նշիկների վիրահատությունը ավելի բարդ է, քան երեխաների մոտ։ Հետվիրահատական փուլը հեշտ չէր, սակայն կարևորն այն է, որ արնահոսություն, լուրջ բարդություններ, չեն եղել, կարող էր շատ ավելի բարդ լինել,- ասաց նա ու հավելեց, որ ամենադժվարն իր համար 2 շաբաթ գրեթե չխոսելն էր։ -Առաջին շաբաթվա ընթացքում ընդհանրապես ոչինչ չեմ խոսել, ամեն բան ձեռք ու ոտքով էի հասկացնում։ Հիմա արդեն կարողանում եմ խոսել, բայց քիչ։ Սովորաբար ասում են, որ նշիկների վիրահատությունը հեշտ է, սակայն իմ մասնագիտությունից, ակտիվ տեսակից ելնելով՝ ես հասկացա, որ սա կյանքիս ամենաբարդ վիրահատությունն էր։ Խոսելը, շփվելը կյանքիս մի մասնիկն է, անսովոր էր ու բարդ»։

Անահիտը շնորհակալություն հայտնեց «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի անձնակազմին, մասնավորապես՝ Կարեն Կասպարովին՝ ուշադիր և հոգատար լինելու համար։

Դերասանուհուն խնամել են ընտանիքի անդամները՝ աղջիկները, ամուսինն ու մայրը։ «Նրանք ամեն հարցում օգնում են ինձ։ Ամուսինս էլ ամեն բան անում էր, որպեսզի ինձ լավ զգամ՝ սկսած երեխային հագցնելուց և մանկապարտեզ տանելուց մինչև ամենամանր կենցաղային հարցերն ինքն է արել»,- ասաց նա։

Երկուշաբթի օրվանից Անահիտը կրկին եթերում կլինի։ «Սիթքոմը նախապես նկարահանել էինք, սակայն առավոտյան ծրագիրն ուղիղ եթեր է, և չէինք կարող նախապես տեսագրել։ Ինձ այս ընթացքում գրում էին՝ ինչո՞ւ եթերում չեմ, այլևս չե՞մ վարելու առավոտյան ծրագիրը։ Շնորհակալ եմ անհանգստության համար, երկուշաբթի օրվանից կրկին եթերում կլինեմ»,- հայտնեց հաղորդավարուհին։

BlogNews-ը առողջություն է մաղթում դերասանուհուն։

Նյութը՝ Ամալյա Հովհաննիսյանի

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել