Նոյեմբերի 24-ին թուրքական F-16-ի կողմից ռուսական SU-24-ը խոցելն առաջին դեպքը չէր, երբ մի պետությունը խոցում է այլ պետության ռազմական ինքնաթիռ՝ չգտնվելով նրա հետ պատերազմի մեջ: Խփված ինքնաթիռների թվով, որքան էլ տարօրինակ է, առաջին տեղում ԽՍՀՄ-ն է, ով սառը պատերազմի տարիներին վայր է գցել շուրջ 20 նատօ-ական (ամերիկյան) ինքնաթիռ իր կամ վիճելի տարածքում: Հիմա խոսենք փաստերով.
1. 1945թ.-ի ապրիլի ամսին խորհրդային կործանիչը սխալմամբ վայր գցեց ամերիկյան երկու «մուսթանգ»-ների, որոնք, ըստ խորհրդային փաստաթղթերի, օդաչուն շփոթել էր ֆաշիստական օդուժի հետ։
2. 1950թ.-ի ապրիլի 10-ին Բալթիկ ծովի վրա խորհրդային զորքերը LA-11 կործանիչով խփեցին ամերիկյան PB4Y-2 ինքնաթիռը, և զոհվեցին անձնակազմի 10 անդամներ: ԱՄՆ-ը հայտարարեց, որ ինքնաթիռը մասնավոր էր:
3. 1950թ.-ի հոկտեմբերի 8-ին ամերիկյան F-80 ռմբակոծիչները ռումբեր նետեցին Հյուսիսային Կորեայում տեղակայված խորհրդային օդանավակայաններից մեկի վրա և ոչնչացրին P-63 ինքնաթիռներ: ԱՄՆ-ը հայտարարեց, որ օդաչուները շփոթել են նրանց կորեացիների հետ:
4. 1950թ.-ի դեկտեմբերին ամերիկյան P2V-ը խոցեց սովետական MIG-15-ը, որին հաջորդեց խորհրդային պատասխանը՝ Վլադիվաստոկի օդային տարածքում ոչնչացվեց ամերիկյան ինքնաթիռ, որի մոդելն ու անձնակազմի ճակատագիրը հայտնի չէ:
5. 1952թ.-ի հունիսի 13-ին Ճապոնական ծովի վրա խորհրդային MiG-15-ը խոցեց ամերիկյան հետախույզ RB-29 ինքնաթիռը: Զոհվեցին անձնակազմի 12 անդամները: Խորհրդային դիվանագետները պնդեցին, որ ամերիկացիներն են առաջինը կրակ բացել։
6. 1953թ.-ի հուլիսին դարձյալ ճապոնական ծովում խորհրդային Mig-17-ը խոցեց ամերիկյան RB-29, անձնակազմի 17 անդամներից կենդանի մնաց միայն մեկը։
7. 1954թ.-ի նոյեմբերին խորհրդային ՌՕՈՒ-ը Կուրիլյան կղզիների օդային տարածքում վայր գցեց ևս մեկ RB-29: Անձնակազմի անդամներին հաջողվեց ողջ մնալ՝ ժամանակին օդապարիկներով լքելով օդանավը:
8. 1955թ.-ի հունիսին խորհրդային Mig 15-ը Բերինգի նեղուցի վրա խոցեց ամերիկյան P2V օդանավը, որից հետո խորհրդային դիվանագետները ներողություն խնդրեցին ամերիկացիներից՝ պնդելով, որ օդաչուն չի կողմնորոշել վատ եղանակի պատճառով։
9. 1958թ.-ի հունիսին ՍՍՀՄ-ը խոցեց ամերիկյան մարդատար C-118 ինքնաթիռը, որը, ըստ խորհրդային իշխանությունների, հատել էր օդային սահմանն առանց թույլտվության: Այս դեպքի կապակցությամբ ամերիկյան մամուլը գրել է, որ ինքնաթիռը պատկանել է ԱՄՆ-ի հետախուզության պետ Ալեն Դալլասին, ով ինքնաթիռում չի եղել: 
10. 1958թ.-ի վերջում ամերիկյան C-130A-II-ն օդ է բարձրացել Թուրքիայի Ադանա քաղաքից և խոցվել սովետական MIg-ի կողմից Հայաստանի օդային տարածքում: Զոհվել են անձնակազմի 17 անդամները: 
11. 1960թ.-ի մայիսին Սվերդլովսկի մարզի օդային տարածքում խորհրդային զորքերը վայր գցեցին ամերիկյան հետախույզ U-2 C-ը: Օդաչուն գերեվարվել և հետագայում փոխանակվել է ԱՄՆ-ում ձերբակալված խորհրդային հետախույզի հետ: 
12. 1962թ.-ին ևս գրանցվել են նման մի քանի դեպքեր։
13. 1976թ.-ի օգոստոսին ԽՍՀՄ օդային տարածքում խոցվեցին ամերիկյան երկու կործանիչներ: 
Սրանք օդային չհայտարարված պատերազմների հիմնական տվյալներն են, եղել են նաև այլ բախումներ, որոնց մասին ԽՍՀՄ-ն ու ԱՄՆ-ն իրարամերժ տեղեկություններ են հաղորդում մինչև այսօր:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել