«Քարե դարդ» սիթքոմը շուտով կլինի АTV հեռուստաընկերության եթերում։ BlogNews-ն այս անգամ զրուցել է սիթքոմում ցեղապետին մարմնավորող դերասան Ռուդոլֆ Ղևոնդյանի հետ։

«Սատիրան հնարավորություն է տալիս քննադատական մոտեցում ցուցաբերել և հումորի թևով մեծ գաղափարներ ներկայացնել։ «Քարե դարդն» ավելի շատ սատիրա է ներկայացնում։ Մենք տեսնում ենք, որ քարե դարից սկսած ոչինչ չի փոխվել։ Փոխվել են միայն ժամանակը և կերակրի տեսակը, իսկ մարդկային հարաբերությունների մեջ ոչինչ չի փոխվել, ձգտումները նույնն են՝ ձգտել ավելի բարձրին, ղեկավարել, լինել լիդեր»,- ասաց նա ու հավելեց, որ հեռուստադիտողներն ականատես կլինեն ժամանակաշրջանի փոփոխության։

«Ինձ համար անակնկալ էր «Քարե դարդում» նկարահանվելու առաջարկը։ Ես դերասան եմ և պատրաստ եմ կերտել ցանկացած կերպար։ Կերպարս հետաքրքիր է, քանի որ, լինելով ցեղապետը, ով տարիքով մեծ է մյուսներից, հարմարվում է ժամանակակից մտածողության ու դատողության հետ։ Դերասանները լավն են, երբ տեսնում եմ՝ Ռաֆոն ու Արմուշն այնքան լավ են խաղում, որ ծիծաղից ուշքս գնում է։ Շատ համով են։ Վաչեն՝ նույնպես։ Աղջիկներն էլ շատ համակրելի ու լավն են։ Միակ վատ բանն այն է, որ ավազի վրա ոտաբոբիկ ենք և սառում ենք։)»,- նշեց դերասանը՝ ավելացնելով, որ վերջին շրջանում նկարահանվել է 8 ֆիլմում, որոնցից 6-ն արդեն էկրան են բարձրացել։

Անդրադառնալով հարցին՝ սիթքոմերն իր համար հետաքրքի՞ր են, պրն Ղևոնդյանը պատասխանեց. «Սա իմ աշխատանքն է, հետաքրքիր է, հետաքրքիր չէ, չեմ կարող ասել։ Ես սրանով հաց եմ վաստակում, կլինի սիթքոմ, սերիալ, գեղարվեստական ֆիլմ, թե՝ թարգմանություն։ Կա մի չափանիշ՝ գործդ լավ արա, մնացածը բեմադրվելիք է։ Որպես աշխատանք՝ ինձ համար հաճելի է, առավել ևս, որ աշխատում եմ ATV-ում, որն ունի անուն և պատմություն»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել