Tert.am-ը գրում է.

Չնայած այն հանգամանքին, որ Ռուսաստանն ակնթարթորեն ու խիստ արձագանքեց Թուրքիայի կողմից ռուսական Սու-24 ռազմական ինքնաթիռի խոցմանը, ստեղծված իրավիճակը պետք չէ մասշտաբային պատերազմի նախանշան համարել, գրում է Forbes-ը:

Նշվում է, որ մինչ այժ Սիրիայում ռուսական ռազմական գործողությունը բավական հարթ էր ընթանում, և ռմբակոծությունների ինտենսիվությունն անգամ գերազանցել է Արևմուտքի սպասելիքները: Սակայն ամեն ինչ փոխվեց, երբ Թուրքիան խոցեց ռուսական կործանիչը:

Հիշեցնենք, որ երեկ ռուսական ռազմական ինքնաթիռը կործանվել էր Սիրիայում։ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ ինքնաթիռը խփվել է թուրքական F-16 կործանիչից արձակված «օդ-օդ» տիպի հրթիռով և ընկել է Սիրիայի տարածքում՝ Թուրքիայի սահմանից 4 կմ հեռու։ 

Հեղինակն ընդգծում է, որ սա առաջին նման դեպքն է կորեական պատերազմից ի վեր, երբ ՆԱՏՕ-ի անդամ երկրի օդուժը ռուսական ինքնաթիռ է խոցում։

Եվ չնայած երկրների միջև օդային տարածքի խախտման մասին բազմաթիվ մեղադրանքներ էին հնչել, տեղի ունեցածն առաջին նման միջադեպն է վերջին 50 տարվա ընթացքում:

Հոդվածագիրն ընդգծում է, որ նման միջադեպի յուրահատկությունը «լուրջ գործ է», սակայն Նյու Յորքի համալսարանի պրոֆեսոր և Ռուսաստանի անվտանգության հարցերով փորձագետ Մարկ Գալոտելին պնդում է, որ չպետք է Սու-24-ի կործանումը դիտարկել որպես մասշտաբային պատերազմի սկիզբ:

Նա հայտարարել է, որ եթե անգամ Մոսկվան վճռեր ռազմական գործողություն սկսել Թուրքիայի դեմ, նա դրա համար անհրաժեշտ ռեսուրսներ չունի: Ռուսական բանակն արդեն Սիրիայում փորձությունների է ենթարկվում, և միաժամանակ պատերազմ մղել երկու հակառակորդների դեմ երկիրը չի կարող:

Գալոտելիի կարծիքով՝ առաջիկայում կարելի է Վլադիմիր Պուտինից կոշտ հայտարարություններ ակնկալել, սակայն չարժե սպասել ռուսական կործանիչների թռիչքին դեպի Անկարա։

Պարբերականը նշում է, որ ռուսներն ու թուրքերը պետք է «մոռացության տան» տեղի ունեցած միջադեպը, սակայն դա որոշակի լուրջ հետևանքներ կունենա երկարաժամկետ հեռանկարում։

Երկու երկրներն էլ մրցում են Մերձավոր Արևելքում՝ փորձելով հասնել «միջազգային հեղինակության», այդ պատճառով էլ Ռուսաստանը կարող է սկսել աջակցել քրդերին, իսկ Թուրքիան կարող է նրան հակադարձել Հյուսիսային Կովկասում զինյալների հետ համագործակցելով, կարծում է հոդվածի հեղինակը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել