Tert.am-ը գրում է.

ՀՀ կառավարությունը քաջ գիտակցում է կոռուպցիայի վտանգավոր ազդեցությունը տնտեսության զարգացման, օրենքի գերակայության և մարդու իրավունքների պաշտպանության վրա և վճռական է տրամադրված կոռուպցիայի դեմ պայքարում:

Կոռուպցիայի դեմ պայքարի շրջանակներում դոնոր կազմակերպությունների հետ քննարկման ընթացքում այս մասին հայտարարեց ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը:

Միջոցառմանը մասնակցում է նաև Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, Արտակարգ և լիազոր դեսպան Պյոտր Սվիտալսկին:

«Ես՝ որպես կառավարության անդամ, վերահաստատում եմ կառավարության այս վճռականությունը կոռուպցիայի դեմ պայքարում արդյունավետ պայքար տանելու հարցում: Այս պայքարում մեր հիմնական նպատակը համատեղ ուժերով կոռուպցիան հաղթահարելն է: Չափազանց կարևորում եմ բոլոր շահագրգիռ կողմերի, պետական մարմինների, հասարակական կազմակերպությունների, բոլորի ներգրավվածությունը և մասնակցությունը Հայաստանում կոռուպցիան արմատախիլ անելու հարցում»,-հայտարարեց նախարարը:

Արփինե Հովհաննիսյանի խոսքով՝ կոռուպցիան նվազեցնելու նպատակով վերջին տարիներին մի շարք կարևոր քայլեր են իրականացվել, մասնավորապես՝ 2015 թվականի փետրվարին հակակոռուպցիոն խորհրդի ստեղծումը:

«Խորհուրդը նոր ինստիտուցիոնալ համակարգ է, անդրանիկ նիստն արդեն իսկ տեղի է ունեցել և նիստի ընթացքում հնչեցվել են հանձնարարականներ: Իրականացրել ենք քայլեր նիստում հնչած հանձնարարականների կատարման հարցում»,-նշեց Արփինե Հովհաննիսյանը՝ հավելելով, թե մի շարք օրենսդրական փոփոխությունների հետ մեկտեղ քաղաքական կամքի առկայությունը նշանակում է, որ պետք է շարունակել կրկին պետական համակարգում իրականացնել կարևոր բարեփոխումներ:

«Ուզում եմ նշել բիզնես հարթակում հակակոռուպցիոն ծրագրերը, և վերահաստատել խորհրդի անդրանիկ նիստում ՀՀ վարչապետի խոսքերը, որ այս ուղղությամբ անհրաժեշտ են որոշակի քայլեր իրականացնել: Պայքարը հեշտ չի լինելու, և այս պայքարի արդյունքները մեզ հեշտությամբ չեն տրվելու: Դրա համար ուժերի համատեղում է  պետք»,-հայտարարեց Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել