Եկել է քաղաքական ուտիճներին՝ «տարականներին» դիտարկելու ժամանակը: Չնայած դիտարկելու բան էլ չկա, դրանք նույնն են, նույն տհաճն ու աներեսի նման գոյատևողը… Տարականի նման՝ դարեր, հազարամյակներ շարունակ… Ուտիճները կենդանական աշխարհի միակ ներկայացուցիչն են, որոնց վրա չի ազդել ո՛չ աստղաքարերի ռմբահարումը, ո՛չ սառցադաշտը, ո՛չ էլ նույնիսկ ռադիոակտիվ ճառագայթահարումը: Դրանք իրենց երկար բեղիկներով, աներեսությամբ խցկվում են ուր ասես, հոտոտում ու բազմանում…
Սրանց՝ հայկական «մատոռով», ԵրԱԶ-ատիպ այս ընդդիմադիրների ցույցերի, հանրահավաքների օրերին մեր ժողովրդին թունավոր արտադարամասերում աշխատողների նման կաթ ու մածուն պետք է բաժանել ու պաշտպանիչ դիմակ, որ չթունավորվեն, չմուտացվեն, չզոմբիանան:
Վերջերս տեղի ունեցավ նրանց հերթական «բազմահազարանոց» հանրահավաքը և, բնականաբար, «հուժկու» երթը մայրաքաղաքի փողոցներով… Նույն նվնվոցները, նույն ձանձրալի ելույթները, նույն «դերասանները»…
Այս գործիչներն այդպես էլ չհասկացան, որ այս հանրահավաքային պայքարը սպառել է իրեն, դարձել մի անհետաքրքիր ու ձանձրալի ներկայացում: Ու ցավալին այն է, որ այս ընդիմադիրներն իրենց ու իրենց համախոհների փոքրաքանակ խմբին համարում են ժողովուրդ, խոսում ժողովրդի ու ողջ ազգի անունից:
Իսկ կեղծիքների, խախտումների մասին նրանց նվնվոցները միայն իրենց պարտության ու հետագա քաղաքական գործունեության կամ ավելի ճիշտ՝ իշխանությանը տիրանալու երազանքից հույսը չկտրելու և հետընտրական բորբոքումներով քաղաքական դաշտում գոնե մոլախոտի կարգավիճակն ապահովելն է…
Այո՛, ճիշտ են ասում, որ քաղաքականությունը հնարավորությունների արվեստ է: Քաղաքականությունը նաև բարոյական նորմեր չի ճանաչում: Այո՛, սրանք՝ այս իրենց սպառածները, այլևս հնարավորություն չունեն, իսկ այ բարոյականության կանոնները չճանաչելու գործում իրոք իրենց նմանը չունեն… Ա՛յ այս գործում վարպետ են, ճկուն, ճարպիկ, խորամանկ ու ինտրիգների, բանսարկությունների մասնագետ…
Դե այս իշխանություններն էլ են հետաքրքիր, շատ-շատ են բանսարկությունների համար «արժեքավոր ու լիքը-լիքը» նյութեր տրամադրում… Առատաձեռն ու հաճույքով… Լա՛վ, գոնե վերջապես հասկացեք, որ լկտիների, հաբռգածների, քյառթու կաշառակեր, չարաշահող իշխանավորների գյամերը քաշելու ժամանակն է: Այլապես ժողովուրդը մի օր ինքը կանի այդ՝ ոտնատակ տալով ամեն ինչ…

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել