Թուրքական զինված ուժերի կողմից Սիրիայի տարածքով թռիչք իրականացնող ռուսական Սու–24 ինքնաթիռը խոցելու դեպքին հաջորդող Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայտարարություններն ու գործողությունները հստակ մատնացույց են անում այն իրողությունը, որ այս միջադեպը Թուրքիայի և իր դաշնակիցների կողմից Ռուսաստանին ռազմական գործողությունների մեջ ներքաշելու նպատակով նախապես մշակված սադրիչ գործողությունների հանգուցալուծումն էր. թուրքական զինուժը խոցում է ռուսական ռազմական ինքնաթիռը → Թուրքիայի նախագահն անմիջապես «հոխորտում է», որ իրենք են ոչնչացրել ինքնաթիռը → միջադեպը ռուսական կողմի հետ քննարկելու փոխարեն Թուրքիան դիմում է ՆԱՏՕ-ին → թուրքական հատուկ ծառայությունները շրջափակում են Ստամբուլում Ռուսաստանի հյուպատոսությունը → Թուրքիայի նախագահը հրավիրում է Անվտանգության խորհրդի նիստ → ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման, սատարելով իր դաշնակից Թուրքիային, հայտարարում է, որ «Թուրքիան իրավունք ունի պաշտպանել իր օդային սահմանները» → ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Սթոլթենբերգն էլ հայտարարում է, որ «կառույցը գտնում է, որ ռուսաստանյան օդանավը խախտել է Թուրքիայի օդային տարածքը»:
Կանխամտածված սցենարն ու դաշնակցային ձեռագիրն ակնհայտ է: 
Այսպիսով, Թուրքիան ու իր հյուսիսատլանտյան դաշնակիցները հստակ կերպով ցանկանում են սեղմել օղակը Ռուսաստանի շուրջ՝ ակամայից սրելով լարվածությունը տարածաշրջանում, կրկին անգամ շեղվելով իրենց կարևորագույն առաքելությունից` համատեղ ուժերով պայքարել մարդկության համար սպառնալիք դարձած Իսլամական պետության դեմ: 
Կարծես թե թուրքական արկածախնդրության ու անհաշվենկատության շնորհիվ մարտահրավերն առ Ռուսաստան նետված է: 
Վստահաբար, Ռուսաստանը կուլ չի տա այս վիրավորանքը, սակայն իր պատժիչ գործողություններում կլինի հավասարակշռված ու չափավոր, ինչը չի հանգեցնի տարածաշրջանում պատերազմական նոր զարգացումների:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել