Սիրական պատերազմը հանգամանքների բերումով դարձել է ոչ միայն տարածաշրջանային գերկարևոր կարգավորման առարկա, այլև վերածվել է քաղաքակրթական խոշոր առճակատման:
Թուրքական Sabah թերթի փոխանցմամբ՝ Թուրքիայի նախագահական ապարատն առաջին հայտարարությունն է տարածել թուրք-սիրիական սահմանին մարտական ինքնաթիռի կործանման կապակցությամբ։ Հայտարարության համաձայն՝ կործանված ինքնաթիռը ռուսական Su 24 տիպի կործանիչ է։

Հաղորդվում է, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, բանակի գեներալ Հուլուսի Աքարի հետ, ով նրան իրազեկել է ինքնաթիռի միջադեպի մանրամասների մասին։

Թուրքիայի զինված ուժերը հրապարակել են Սիրիայի սահմաններին կործանված ռուսական ինքնաթիռի հետագծի պատկերը, որում երևում է, որ ռուսական կործանիչը հատել է Թուրքիայի տարածքը։ Տեսանյութում լսվում են թուրքոմանների՝ Սիրիայի սահմանամերձ տարածքներում բնակվող բնակիչների ուրախ բացականությունները: Լսվում է նկարահանողի բացականչությունը. «Փառք Աստծո, ուռա, խփել են ռուսական ինքնաթիռ»: Վերջիններս հարում են ԴԱԻՇ-ին ու «Ջեբխատ ան-Նուսրային» և ունեն իրենց էթնիկ խմբավորումները, որոնք զինված պայքար են մղում Սիրիայի նախագահ Ասադի կառավարության դեմ:
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Կրեմլում հստակ գիտեն՝ ռուսական ինքնաթիռը Թուրքիայի օդային տարածք չի մտել:

Ավելի վաղ Թուրքիայի և Ռուսաստանի հարաբերությունները լարվել են ռուսական ինքնաթիռների՝ Սիրիայի տարածքում ավիահարվածներ հասցնելու ընթացքում Թուրքիայի օդային սահմանը հատելու պատճառով։ Թուրքիան իր բողոքն է հայտնել ՌԴ-ին՝ Անկարայում այդ երկրի դեսպանին ԱԳՆ կանչելով:

Տարածաշրջանային զարգացումները թևակոխել են այնպիսի շրջափուլ, երբ էսկալացիան հասել է գագաթնակետին և ցանկացած կտրուկ գործողություն կարող է հանգեցնել կործանարար հետևանքների:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել