Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հաստատել է, որ թուրք զինվորականները ռուսական Սու-24 ինքնաթիռ են խոցել, հայտնում է gazeta.ru-ն։
Թուրքական լրատվամիջոցները հաղորդում են, որ Էրդողանը հանդիպել է ԶՈՒ գլխավոր շտաբի պետի հետ և մանրամասն տեղեկություններ ստացել խոցված ինքնաթիռի մասին:
Ռուսական կողմի պնդմամբ՝ ինքնաթիռը թռիչք է իրականացրել բացառապես Սիրիայի տարածքում, սակայն թուրքական կողմը պնդում է հակառակը՝ նշելով, որ այդ ինքնաթիռը թուրքական օդային տարածքը 5 րոպեում խախտել է 10 անգամ:
Թուրք զինվորականների պաշտոնական ներկայացուցիչները հաստատել են, որ թուրք-սիրիական սահմանին ինքնաթիռը խոցվել է իրենց կողմից՝ թուրքական սահմանը հատելու պատճառաբանությամբ, տեղեկացնում է BBC-ի թուրքական ծառայությունը:
Համաձայն տարածված տեղեկությունների՝ խոցված ռուսական ինքնաթիռն ընկել է Լաթաքիայի մոտակայքում:
Ավելի վաղ Թուրքիայի և Ռուսաստանի հարաբերությունները լարվել էին ռուսական ինքնաթիռների՝ Սիրիայի տարածքում ավիահարվածներ հասցնելու ընթացքում Թուրքիայի օդային սահմանը հատելու պատճառով։ Թուրքիան իր բողոքն էր հայտնել Ռուսաստանին՝ Անկարայում երկրի դեսպանին արտգործնախարարություն կանչելով:
Համացանցում տարածվել է ինքնաթիռի կործանման պահի տեսագրությունը: Հաղորդվում է, որ հավանաբար օդաչուները հասցրել են ինքնանետվել:
Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուն Սիրիայի սահմանին տեղի ունեցող վերջին իրադարձությունների մասին տեղեկացել է երկրի արտգործնախարար Ֆերիդուն Սինիրլիօղլուից և ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Հուլուսի Աքարից:



