ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած նախնական տվյալների ամփոփման համաձայն` այս տարվա տասն ամիսներին Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշը կազմում է 3.5 տոկոս:

Հունվար-հոկտեմբեր ամիսներին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ շարունակում է աճ գրանցել արդյունաբերությունը՝ 4.6 տոկոսով` տաս ամսվա կտրվածքով կազմելով 1 տրիլիոն 62 միլիարդ 999.7 մլն դրամ։ Էական աճ է ապահովում գյուղատնետությունը՝ 11.6 տոկոս: Ծավալը կազմում է 857 միլիարդ 711.4 մլն դրամ:

Շինարարության ոլորտը շարունակում է պահպանել 0.1 տոկոսանոց աճ, ծավալը՝ 304 միլիարդ 323.0 մլն դրամ: Ծառայությունների ոլորտը նույնպես արձանագրել է աճ՝ 2.8 տոկոս` կազմելով 960 միլիարդ 082.0 մլն դրամ:

էլեկտրաէներգիայի արտադրության ծավալը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ աճել է 2.2 տոկոսով և կազմում է 6 միլիարդ 391.5 մլն դրամ:

Հայաստանում ընթացիկ տարվա առաջին տասն ամսվա կտրվածքով նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ գնաճը կազմել է 4.4 տոկոս, ընդ որում, դա ԵԱՏՄ երկրների շրջանում արձանագրված գնաճի ամենացածր ցուցանիշն է: Բելառուսն արձանագրել է 13 տոկոս, Ղազախստանը՝ 9.4 տոկոս, Ռուսաստանը՝ 11.7 տոկոս և Ղրղզստանը՝ շուրջ 6 տոկոս գնաճ:

Շարունակում են բացասական մնալ ինչպես ներքին առևտրաշրջանառության ցուցանիշները, արձանագրելով 6.4 տոկոսանոց անկում, այնպես էլ արտաքին առևտրաշրջանառությունը՝ 20 տոկոս: Ընդ որում, արտահանումը կրճատվել է 2.2 տոկոսով, իսկ ներմուծումը՝ 26.6 տոկոսով: Առևտրաշրջանառության բացասական ցուցանիշը շարունակում է պայմանավորվել համաշխարհային տնտեսության և հատկապես տարածաշրջանային զարգացումներով, մասնավորապես՝ տարվա սկզբին արձանագրված ռուբլու աննախադեպ անկումով, մասնավոր ուղղակի ներդրումների և տրանսֆերտների կրճատմամբ, ինչպես նաև ԵԱՏՄ ինտեգրման և նոր տնտեսական կառույցի հետ փոխհարաբերվելու դեռևս անկատար իրավական և տեխնիկական բազայի առկայությամբ:

Համաշխարհային շուկայում տեղի ունեցող զարգացումները՝ նավթի և արդյունաբերական մետաղների գների աննախադեպ անկումը, շարունակում է իր բացասական դերակատարումն ունենալ Հայաստանի արդյունաբերության ամենամրցունակ հատվածի՝ հանքարդյունաբերական ոլորտի շարութաբերության վրա: Արդյունաբերական գների ինդեքսը շարունակում է պահպանել բացասական դինամիկան` կազմելով 1 տոկոս։

Այնուամենայնիվ, ՀՀ տնտեսության արտահանելի հատվածում արտադրողականության աճի և գյուղատնտեսության ու հանքարդյունաբերության ճյուղերի առաջարկի ավելացմամբ պայմանավորված հնարավոր կլինի ապահովել ապրանքների ու ծառայությունների արտահանման իրական աճ: Դա հնարավոր կլինի ներպետական մակարդակի ոլորտային բարեփոխումների իրականացմամբ, ԵԱՏՄ պետությունների միջև ինտեգրացիոն գործընթացների իրականացման նպատակով համակարգված մակրոտնտեսական քաղաքականության իրականացման արդյունքում, ինչպես նաև շուկաների դիվերսիֆիկացմանն ուղղված նպատակային աշխատանքների իրականացմամբ ու համագործակցության ընդլայնմամբ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել