ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր աշխատանքային այցով մեկնել է Իրան, որը մերօրյա աշխարհաքաղաքական զարգացումների պայմաններում կրկնակի հետաքրքրություն է ձեռք բերում և կրկնակի ուշադրության կենտրոնում գտնվում:
Պուտինը նախ կմասնակցի «Գազ արտահանող երկրների ֆորումի» երրորդ գագաթաժողովին, որն, այսպես ասած, «OPEC»-ի գազային տարբերակն է: Այս միջոցառումը հենց հետաքրքրական է դառնում այնքանով, որ այդ ֆորումը ստեղծվել է Ռուսաստանի նախաձեռնությամբ: Եվ եթե հաշվի առնենք, որ Ռուսաստանի ջանքերով ստեղծված այս ֆորումի մեջ կան Քաթարի նման արևմտամետ պետություններ, ապա կարելի է որոշ առումներով համարել, որ Ռուսաստանն իր նպատակներից մեկին հասել է՝ ստեղծելով այս ձևաչափը:
Բացի այդ, Թեհրանում Պուտինը կհանդիպի Իրանի ղեկավարության, այդ թվում՝ հոգևոր առաջնորդ Ալի Խամենեիի հետ, որոնց հետ կքննարկվեն Իսլամական պետության դեմ պայքարի հետ կապված հարցերը: Այս փաստը հատկապես կարևոր է դառնում այն համատեքստում, երբ տեսնում ենք, թե ԱՄՆ-ն և նրա դաշնակիցներն ինչպես են պայքարում Ռուսաստան–Իրան տանդեմը տապալելու համար:
Եվ մեկ շատ կարևոր հանգամանք ևս կա Պուտինի այցում, դա հենց ռուս-իրանական երկկողմ հարաբերություններն են: Հիմա շատ կարևոր պահ է, Իրանը դուրս է գալիս պատժամիջոցների ռեժիմից, և շատ երկրներ կցանկանային իրենց տեխնոլոգիաները վաճառել Իրանին: Իսկ Ռուսաստանն էլ այդ առումով բացառություն չէ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել