Tert.am-ը գրում է.

ԱԺ «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը Tert.am-ի հետ զրույցում անդրադառնում է իրենց «այո»-ի քարոզարշավի ընթացքում արձանագրվածին, դրանից բխող եզրահանգումներին, արդյո՞ք «բոլորը ոչ կամ այո» են և արդյո՞ք կա երաշխիք, որ նոր Սահմանադրությունը կունենա այն ընկալումն ու վստահությունը, որը Դաշնակցությունն այդքան կարևորում է:

-Պարո՛ն Վարդանյան, եթե Սահմանադրությունն անցնի, ապա կստացվի, որ Դաշնակցությունը ևս իր լուման կունենա այս երկրում կառավարման մոդելի փոփոխության, զարգացումների համար, և հետևաբար, տրամաբանական  չի՞ դառնում Ձեր կոալիցիայում լինելը: 

- Բազմիցս ասել ենք, նախ, մենք բոլորս պետք է հասկանանք, որ Սահմանադրության խնդիրը, Սահմանադրությանն «այո» կամ «ոչ» ասելը չպետք է անցնի ընդդիմություն-իշխանություն բաժանարար գծով: Այս Սահմանադրության ընդունվելու պարագայում անխտիր բոլորս` և՛ ոչ ասողները, և՛ այո» ասողները, և՛ ընդդիմությունը, և՛ իշխանությունն ապրելու ենք այդ խաղի կանոններով: Սա դառնալու է բոլորիս Սահմանադրությունը: Մենք այսօր ընդդիմություն ենք, բայց համոզված կողմնակիցն ենք նոր Սահմանադրության: Բնականաբար, եթե Սահմանադրությունն ընդունվի, դա կլինի նաև դաշնակցական մոտեցումների իրականացումը մեր հանրային կյանքում, և մենք կունենանք Սահմանադրություն, որը գրեթե 90-95 տոկոսով համապատասխանում է երկրի զարգացման մեր պատկերացումներին: Ինչ վերաբերում է կոալիցիաներին. մենք մշտապես ասել ենք, որ մենք ունենք երկրում արմատական, որակական փոփոխությունների մեր պատկերացումները, եթե կունենանք վստահություն, երաշխիք, որ հնարավոր է երկիրը տանել այդ ուղղությամբ և քայլ առ քայլ հույս առաջացնել մարդկանց մեջ, դրական փոփոխություններ կատարել, մենք որևէ կոնկրետ աշխատանքից չենք հրաժարվի, եթե վստահ չենք լինի, բնականաբար. Դաշնակցության համար երբեք ինքնանպատակ չի եղել իշխանության մաս կազմելը: 4-5 տարի է` ողջ մամուլը խոսում է Դաշնակցության կոալիցիա կազմելու մասին, բայց ակնհայտ է, որ եթե վստահություն չունենանք, որ կարող ենք բան փոխել մեր մասնակցությամբ, դրան չենք գնա: Մենք ինքնուրույն ուժ ենք և որքան էլ որոշ ընդդիմադիրներ քաղաքական գործիչներ Դաշնակցության քվեարկությունն ու քվեները դարձնել այլ ուժերին պատկանող քվե, նրանք չարաչար կսխալվեն:

-Հետևո՞ւմ եք, թե ինչ է ասում ժողովուրդն իր մոտ գնացած քաղաքական ուժերին, և արդյո՞ք այդ ասելիքը սահմանադրական «այո», «ոչ» քարոզող քաղաքական ուժերի`  իրենց ծրագրերն ու պահվածքը` ընթացիկ, փոխելու առիթ չպետք է դառնալ:

- Ինչ ասել է` հետևել, մենք վերջին 10 օրվա ընթացքում 25 հանդիպում ենք ունեցել մարզերում և Երևան քաղաքում, եթե ամփոփեմ մոտավոր թիվը, երևի, արդեն 3500-4000 մարդու ենք հանդիպել, վեց մարզերում ենք եղել` Կոտայք, Արագածոտն, Արարատ, Արմավիր, Վայոց ձոր, Սյունիք, որտեղ ներկայացրել ենք մեր փաստարկներն ու հիմնավորումները Սահմանադրության վերաբերյալ, պատասխանում ենք քաղաքացիների հարցերին: Հարցերը կարելի է բաժանել երկու բլոկի` ուղղակի Սահմանադրությանն առնչվող և ներկա իրականությանը առնչվող: Խորապես համոզված եմ, որ մարդիկ ընկալում են տրամաբանությունը , տեսնում են տարբերությունները, առարկայական, բաժանում ենք նաև մեր հանրամատչելի բուկլետը, և տպավորությունը շատ դրական է, շատ լավ է: Բնական է`կա  համընդհանուր  դժգոհություն, անվստահություն, սոցիալական վիճակի արդյունք դժգոհություններ, բայց նաև փորձում ենք երկու խնդիրները`տարանջատել: Մեկը Սահմանադրության խնդիր է, մյուսը մեր իրականության որակական փոփոխությունը, որին պետք է նպաստի նաև Սահմանադրությունը: Այս առումով, կարծում եմ, որ իսկապես անհրաժեշտ են այս հանդիպումներն ու իրազեկումները: Մենք առաջիկա օրերին կլինենք ևս 4 մարզերում`Գեղարքունիք, Տավուշ, Շիրակ, Լոռի, յուրաքանչյուր տեղում առնվազն 4 հանդիպում, այս ընթացքում էլ ոչ հանգստյան օրերին Երևանում ենք տարբեր հանդիպումներ նախատեսում, պատրաստել ենք նոր քարոզչական նյութ, փոքրիկ թռուցիկի նման, որտեղ ասվում է, թե «ոչ» քվեարկողն ինչին է «այո», ասում, «այո», քվեարկողը` ինչին` «ոչ»: Սա էլ մեծ տպաքանակով առաջիկա  օրերին կտարածվի ողջ հանրապետությունով: Սոցիալական խնդիրների հետ կապված…

-Մարդկանց համար սոցիալական խնդիրներն ավելի կարևոր չե՞ն:

- Բնական է` մարդու առօրյա կյանքն իր համար ավելի կարևոր է, բայց երբ ցույց ես տալիս Սահմանադրության նշանակությունը և ռեալ տարբերությունը գործող համակարգից, մարդիկ նաև սա են ընկալում:

- Վստահ չեմ` ձեր քարոզչությունը ինչպես եք տանում, բայց Հանրապետականներին լրատվամիջոցները հեգնել էին, թե այնպիսի տպավորություն է, որ Սահմանադրությունը խախտում են այլմոլորակայինները, կամ բոլոր վատ բաների համար մեղավոր է Սահմանադրությունը: Սահմանադրությո՞ւնն  է մեղավոր, որ երկրում այս վիճակն է:

-Մեր  հանդիպումների ժամանակ մշտապես ասում եմ, որ գործող Սահմանադրությունը ևս հնարավորություն է տալիս բազմաթիվ հարցեր կարգավորել ավելի լավ, բայց որ նաև գործող Սահմանադրությունը չի նպաստում  մյուս խնդիրների լուծմանը, ևս ակնհայտ է: Ես չգիտեմ` հանրապետականներն ինչ դրույթներ են ներկայացնում, դրա համար էլ մենք առանձին ենք տանում մեր քարոզարշավը` առանձին շտաբով ու Դաշնակցական մարզային շտաբներով: Եվ բոլոր հանդիպումներին, որոնք իրականացնում են Դաշնակցության երևացող դեմքերը, մենք բոլոր հարցերին անխտիր պատասխանում ենք, և մարդիկ ընկալում  են:

-Ասում եք` մարդկանց մեջ հույս արթնանա, ի՞նչ օբյեկտիվ հիմքեր կան, որ մարդկանց մեջ հույս արթնանա` նույն ուժերն են, նույն դեմքերը, նույն խաղացողները:

- Կա մի շատ կարևոր հանգամանք: Առաջին՝ երբեք մեր քաղաքական գործունեության մեջ չենք առաջնորդվել դիմացինին ոչնչացնելու, ատելության, չարության, առճակատման մտայնությամբ, մենք այս երկրում թշնամիներ չունենք, և նաև համոզված ենք, որ երբ ամենը վերածվում է այս տեսակ ոչնչացման քարոզչության, չարությունը, թույնը, ատելությունը կուտակվում է, և դա ազդում է բոլորիս վրա անխտիր: Երաշխիքներ կան և դրանցից մեկն այն է, որ պետք է փորձենք մեր քաղաքացիներին իսկապես ակտիվության մղել, գիտակցությունը բարձրացնել, կազմակերպել: Ամենավատ բանը, որն անում են «ոչ»-ի շարժումից ոմանք, այն է, որ փորձում են մարդկանց ներշնչել, թե իրենցից ոչ մի բան խախտված չէ, իշխանությունն ինչ ուզենա` անելու է, կեղծելու է, անցկացնելու է: Մենք այդպես չենք մտածում: Մենք քարոզում ենք, որ մենք հավատաքննիչ չենք, որ գանք, ասենք` այո՞, թե՞ ոչ եք քվեարկելու, բայց մենք ասում ենք, որ դուք ձեզ պետք է հարգեք, ակտիվ լինեք, որպեսզի անտարբերների և դեռ հույս ունեցողների հարաբերակցությունը փոխվի  գոնե 1-2-5 տոկոսով փոխվի հօգուտ այն քաղաքացիների, որոնք Հայաստանում բան են ուզում փոխել: Որովհետև մեր երկրում 10-15-20 հոգուց բոլորը անխտիր փոփոխություն են պահանջում: Եմ մենք նրանց բացատրում ենք, ապացուցում ենք, համոզում ենք, որ փոփոխություն հնարավոր է, եթե փոխում ես խորքը, համակարգը, մոտեցումը և ոչ թե անձը փոխում ես մեկ ուրիշ անձով:

-Լավ, համակարգը, որ փոխվում է անձերը նույնն են մնում, սա արդյո՞ք նպաստելու է Ձեր ասած՝ դեռ  հույս ունեցողների քանակի ավելացմանը:

- Իսկ ո՞վ է ասում, որ անձերը նույնն են մնում: Նոր համակարգը հենց հնարավորություն է ստեղծում քաղաքական պայքարով իշխանափոխություն իրականացնել, հակակշիռներ ստեղծել, ընդդիմություն-իշխանություն, դարձնել մեկ միասնական համակարգ, որտեղ նաև, եթե մեր քաղաքական ուժերն ունենան այդ որակը, ստեղծվելու է նոր մշակույթ, որում ոչ թե մեկն է որոշում կայացնելու, այլ դրանք կայացվելու են կոլեգիալ, միմյանց լրացնելով, բանավիճելով, ապացուցելով և գտնելով ճիշտ լուծումները: Եվ Սահմանադրության հիմնական նպատակը հենց նման համակարգ ստեղծելն է:

– Նախորդ համապետական  ընտրություններին Դաշնակցությունը խոսեց կեղծիքների մասին: Եվ հիմա, երբ ընդդիմությունն արդեն իսկ հայտարարում է, որ մարդկանցից անձնագրերով «այո» են կորզում, ինչո՞վ եք վստահ, որ հիմա նույնը չի լինելու:

- Մենք չենք առաջնորդվում վստահությամբ, մենք իդեալիստ չենք: Չեմ ասում, որ անհնար են կեղծիքները, մենք գիտենք մեր իրականությունը, այս պրոցեսով զբաղվող մարդկանց, բայց նաև վստահ ենք, որ հանրաքվեն հնարավոր է անցկացնել հնարավորինս, առավելագույնս նորմալ: Եվ նաև մեր ներկայացուցիչները   հանձնաժողովներում ու վստահված անձինք դա անելու են:  Նաև ասեմ, որ Դաշնակցությունն ընտրությունների օրինականությունն ապահովող մարմին չէ, դրա համար կան հատուկ կառույցներ` Կենտրոնական ընտրական հանձնաժողով, այլ մարմիններ, բայց մենք հստակ ասել ենք, որ մեզ համար ոչ միայն կարևոր է, որ անցնի այս Սահմանադրությունը, բայց այդչափ կարևոր է, որ այն ժողովրդի համար ընկալելի լինի ու համոզիչ, որ քվեարկությունը նորմալ է անցել:

Ի դեպ, ընդդիմության տարբեր ներկայացուցիչներ խոսում են այս մասին, բայց կոնկրետ որևէ փաստ, մինչև հիմա չեմ տեսել: Ընդդիմությունը նաև ասում է, որ «մենք պտտվում ենք հանրապետությունով մեկ և ոչ մի «այո» չենք տեսնում», բայց կրկնում եմ, մեր խմբերը 6 մարզերում 25 հանդիպում են ունեցել, մենք և՛ «այո» ենք տեսել, և՛ «ոչ» ենք տեսել: Եվ ինձ համար ինչպես տարօրինակ է, որ ասում են` բոլորը «այո» են, նույնքան տարօրինակ է. երբ ասում են` միայն «ոչ» կա,և ոչ մի «այո», բոլորը ոչ են:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել