Exclusive
Երգիչ Մարտ Բաբայանը շուտով կներկայացնի իր նոր տեսահոլովակը, որի հերոսուհին դերասանուհի Շուշաննա Թովմասյանն է։ «Ты любовь моя» կոչվող երգի երաժշտության հեղինակը Մարտն է, խոսքերը գրել է Աննա Գալկինան, տեսահոլովակի ռեժիսորը Ժոռ Մելոյանն է։ Մարտը BlogNews-ին է տրամադրել տեսահոլովակի դեռևս չհրապարակված լուսանկարները։ Նա և Շուշաննան մանրամասներ են պատմել համատեղ աշխատանքից։
BlogNews-ի հետ զրույցում Շուշաննան ասաց, որ երգը գեղեցիկ սիրո խոստովանություն է սիրելիին։ «Ինձ համար կերպարային հետաքրքիր լուծում է գտել ռեժիսոր Ժոռ Մելոյանը։ Թե ինչ լուծում է տրվել, կտեսնեք տեսահոլովակում»,- ասաց Շուշաննան ու հավելեց, որ տեսահոլովակի նկարահանումներն իրականացվել են Երևանում, Սևանում և Եղվարդում։
Մարտն էլ նշեց, որ տեսահոլովակը սիրային փոքրիկ պատմություն է ներկայացնում։ «Որպես հերոսուհի ընտրեցինք Շուշաննային, որովհետև նա շատ գեղեցիկ և տաղանդավոր դերասանուհի է»,- ասաց երգիչը։
Շուշաննան և Մարտը սիրող զույգի են մարմնավորում, սակայն դերասանուհին չպատասխանեց հարցին՝ տեսահոլովակում մտերմիկ տեսարաններ կլինե՞ն, թե՝ ոչ. «Այդ հարցի պատասխանը կիմանաք, երբ դիտեք տեսահոլովակը։) Կարծում եմ՝ յուրօրինակ տեսահոլովակ է ստացվել»։
«Դժվար ապրուստ» հեռուստասերիալի սաունդթրեքներից բացի այլ տեսահոլովակներում Շուշաննան մինչ այս չէր նկարահանվել։ Նա նշեց, որ տեսահոլովակում նկարահանվելու առաջարկն ընդունելիս հաշվի է առել երգն ու երգչին։ «Ինձ համար առաջին հերթին կարևոր է երգը։ Ես պետք է այն սիրեմ և ցանկանամ լսել։ Այնուհետև կարևոր է, թե ով է կատարում երգը։ Մնացածը կարելի է համաձայնեցնել տեսահոլովակի ռեժիսորի հետ»,- ասաց նա։
Այս ընթացքում խոսակցություններ են տարածվել, որ Մարտն ու Շուշաննան միասին են, քանի որ տարբեր միջոցառումներին նրանց կարելի է միասին տեսնել։ Մեր հարցին՝ իրականում ի՞նչն է կապում նրանց, իրենց միջև սիրավե՞պ կա, երկուսն էլ խուսանավող պատասխան տվեցին՝ նշելով, որ չեն խոսում անձնականի մասին։ «Մարտը տաղանդավոր երգիչ է և հրաշալի անձնավորություն։ Տեսահոլովակի նկարահանման ընթացքում ևս մեկ անգամ համոզվեցի, թե որքան կարևոր է, երբ աշխատում ես իր գործում պրոֆեսիոնալ արտիստի հետ»,- ասաց Շուշաննան, Մարտն էլ ասաց. «Ես չեմ սիրում խոսել իմ անձական կյանքի մասին։ Շուշաննայի հետ շատ ջերմ և հարազատ հարաբերություններ ունենք։ Նա սքանչելի է»։
Նյութը՝ Ամալյա Հովհաննիսյանի