Tert.am-ը գրում է.

ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի երևանյան այցից հետո շրջանառության մեջ դրվեց ԼՂ հակամարտության կարգավորման հարցը տարածքային զիջումների հաշվին լուծելու թեզը: Tert.am-ը ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի տեղակալ Մովսես Հակոբյանից հետաքրքրվեց՝ ինչպե՞ս է վերաբերվում նման հայտարարություններին:

«Այդ հարցերով չեմ զբաղվում, իմ պարտականությունների շրջանակից դուրս է»,- պատասխանեց նա: Ճշտող հարցին՝ որքանո՞վ է հավանական, որ Ադրբեջանին տարածքներ տրվեն, ԶՈՒ գլխավոր շտաբի պետի տեղակալն այսպես պատասխանեց. «Արցախի Սահմանադրությունը դեռևս փոփոխության չի ենթարկվել: Այնտեղ բոլոր հարցերի պատասխանները տրված են»:

Ինչ վերաբերում է ԼՂ նախագահ Բակո Սահակյանի հայտարարությանը՝ Ստեփանակերտի օդանավակայանը հակաահաբեկչական գործընթացին մասնակցելու հնարավորության վերաբերյալ, Մովսես Հակոբյանը պատասխանեց. «Որևէ պաշտոնյայի հայտարարություն չեմ մեկնաբանում, առանձնապես, երբ նրանք իմ ղեկավարներն են»։ Նա նաև նշեց, որ հարցը իր ոլորտից դուրս է և նա չի ծանրաբեռնում գլուխը նման խնդիրներով:

Մովսես Հակոբյանը հրաժարվեց պատասխանել Սահմանադրական փոփոխությունների հետ կապված հարցերին՝ պատճառաբանելով, թե պաշտոնը թույլ չի տալիս: Դիտարկմանը, որ պաշտպանության նախարարը «այո» է քարոզում, իր տեսակետը հայտնում է, նա նշեց, թե պաշտպանության նախարարի պաշտոնը քաղաքական է:

Լրագրողներն անդրադարձան այն հանգամանքին, որ ՀՀ Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը սահմանադրական փոփոխությունների «այո»-ի քարոզչություն է վարում: Այս առումով հարց հնչեց՝ արդյո՞ք սրանով չի՞ պարտադրվի բանակին, զինվորներին «այո» ասել սահմանադրական փոփոխություններին: «Կարաք վերահսկեք, վերահսկեք: Բայց որևէ մի քաղաքացի պարտադրված չէ գնալու՝ քվեարկել»,- պատասխանեց Հակոբյանը:

Անդրադառնալով կարծիքներին, որ սահմանադրական փոփոխություններով երկրի անվտանգությունն ավելի կուժեղացվի, Մովսես Հակոբյանն ասաց, որ «Զինված ուժերի կառուցվածքն այնպիսին է, որը հնարավորություն է տալիս ցանկացած ժամանակ կայուն ղեկավարել»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել