Tert.am-ը գրում է.

Ընդդիմադիր քաղաքական գործիչ, նախկինում` ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Հովհաննես Իգիթյանը Tert.am–ի հետ զրույցում անդրադառնալով այն ծանր ժամանակին, որը, ըստ ամենայնի, կսպասի ԵԽԽՎ-ում հայաստանյան  պատվիրակությանը` ձմեռային նստաշրջանի ժամանակ, առաջարկում է մի կողմ թողնել «այո»-ներն ու «ոչ»-երը և աշխատել ԵԽԽՎ-ի հետ: Նա չափազանցված է համարում ադրբեջանական խավիարի դերն ու նշանակությունը ու պատվիրակության ղեկավար Հերմինե Նաղդալյանի ուշադրությունը հրավիրում է նրա վրա, որ երբ վերջինս, որպես ռուսական պրոպագանդիստ Դմիտրի Կիսելյովին դիմավորում է որպես բարձրաստիճան պետական գործիչ, հետո գնում Եվրոպա ու բացատրում, Եվրոպան այդ լեզուն չի հասկանում:

-Պարո՛ն Իգիթյան, ԵԽԽՎ հունվարյան նստաշրջանին հայաստանյան պատվիրակությանը հնարավոր է` 5 տհաճ անակնկալ սպասվի. Ուոլթերի զեկույցի բանաձև դառնալը, եթե ԽՎ-ն այդպես քվեարկի, Սարսանգի ջրամբարի մասին Միլիցա Մարկովիչի զեկույցի հնարավոր ներառումը լիագումար նստաշրջանի օրակարգ, իր  հակահայ քաղաքական գործունեությամբ հայտնի Պեդրո Ագրամունդի ԵԽԽՎ նախագահ դառնալը, ադրբեջանական պատվիրակության ղեկավար Սաեսդ Սեիդովի  Պահպանողականների խմբի ղեկավար դառնալու հավանականությունը և ԵԽԽՎ–ում հայկական պատվիրակությանը ձայնի իրավունքից զրկելու հավանականություն, ինչպես առաջարկվում է Ուոլթերի զեկույցում։ Այս պայմաններում մեր պատվիրակությունը, ըստ Ձեզ, պետք է ընտրի բոյկոտի, թե ՞ այլ ճանապարհ:

- Չէ, բոլոր դեպքերում բոյկոտելն անիմաստ է ու վտանգավոր:  Աշխատել է պետք: Ըստ որում, այն մարդիկ, ովքեր ընգրկված են պատվիրակության մեջ, պետք է մոռանան, որ Հայաստանում հանրաքվե կա, պետք է մոռանան «այո» ու «ոչ»-ի մասին և զբաղվեն իրենց աշխատանքով: Կոլեգաներին ուղարկեն համապատասխան նամակներ, գնան, հանդիպեն կարևոր և առանցքային մարդկանց հետ, խմբակցությունների ղեկավարների, հանձնաժողովների, և փորձեն համոզեն, որ այն, ինչ գրված է նախագծերում, չի համապատասխանում իրականությանը:  Առավել ևս, որ մենք արդեն ունենք Մինսկի խմբի կարծիքը, կամ հայտարարությունը, որ ԵԽԽՎ նշված արձանագրումները չեն համապատասխանում իրականությանը և վտանգում են բանակցային պրոցեսը: Կրկնում եմ` պետք է աշխատել և այնպես անել, որ կոլեգաները հասկանան` ինչի մասին է խոսքը:

- Անկախ նրանից`մեր պատվիրակությունը լա՞վ է աշխատել, վատ, բայց եթե կա այդ կաշառակերության` «խավիարակերության» փաստը, ԵԽԽՎ-ն կունենա՞ այդ սթափվելու պահը։   Ի վերջո, Ուոլթերի զեկույցի օրակարգ ընդունելուց առաջ նույն ՄԽ-ն նույն այդ մեսիջները, որ մի արեք, տարբեր մակարդակներով ուղարկել էր:

- Նորից անդրադառնամ այդ խավիարի հարցին, որին Հայաստանի մամուլը շատ մեծ նշանակություն է տալիս: Եվ այնպիսի տպավորություն է, որ ԵԽԽՎ 400 պատգամավորներ հարյուրավոր կիլոներով խավիար են ստացել և արդեն ամեն ինչ անիմաստ է: Իրականում դա այդպես չէ: Հա, հետո ինչ, որ մի զեկուցողին (Ուոլթերին- Tert.am) Բաքվում լավ են ընդունել, նա այնտեղ խավիար է կերել, չի բացառվում` հետն էլ վերցրել է, բայց դա չի նշանակում, որ բոլոր պատգամավորները ծախված են ու սպասոււմ են, թե երբ իրենց խավիար կտան: Կամ էլ հայկական կոնյակ ու բաստուրմա: Կրկնում եմ` քաղաքական գործիչներն են, որոնց հետ պետք է աշխատել և որոնց պետք է ներկայացնել իրավիճակը: Այսինքն` ես հասկանում եմ, որ դժվար է, բայց դժվար ոչ թե խավիարի պատճառով, այլ դժվար է Հայաստանի` Ռուսաստանին անվերապահորեն տրվելու փաստով: Մեզ սա է խանգարում, ոչ թե խավիարը ու մենք պետք է ցույց տանք, որ կարող ենք ինքնուրույն քաղաքականություն վարել, այլ ոչ թե Ռուսաստանի ինչ-որ մի մարզի շարունակությունն ենք Եվրոպայի խորհրդում:

-Հաշվի առնելով, որ ռուս-ֆրանսիական հարաբերությունները ջերմացել են Սիրիայի հարցում դիրքորոշումների մերձեցման և ահաբեկչությունների հետևանքով, ԱՄՆ-ն այլևս «սխալ» բաոով չի որակում Ռուսաստանի ավիահարվածները Սիրիայում, կարելի՞ է համարել, որ Հայաստանի համար ՌԴ-ԵՄ–ի միջև խուսանավելու առումով ավելի բարենպաստ ժամանակներ են սկսվել:

- Ես այդ ջերմությունը չեմ նկատում: Այո, եղել են ինչ-ինչ հայտարարություններ, բայց  համատեղ համագործակցության համար քայլեր են պետք: Եվ Ռուսաստանը, մինչև նման ակնկալիքներ ունենալը, պետք է դադարի զենք ուղարկել դժվար ռեգիոններին, առաջին հերթին` Ադրբեջանին: Եվ աշխարհն իրոք սպասում է, որ Ռուսաստանը դադարի զինել անօրինական խմբավորումներին Ուկրաինայում: Չի՛ կարելի մի կողմից զենք տրամադրել Դոնեցկում գտնվող խմբավորումներին, որոնք ունակ են ամեն ինչի, մյուս կողմից ասել, որ Սիրիայում պետք է պատժվեն անօրինական խմբավորումները: Ռուսաստանի հետ Արևմուտքը կմերձենա միայն այդ դեպքում, եթե Ռուսաստանը կոնկրետ քայլեր անի: Ռուսաստանը պետք է հասկանա` ինչու է ինքը մեկուսացել և հասկանա` նրա համար, ինչ անում է Ուկրաինայում: Եվ եթե Ռուսաստանը գոնե այսօր դադարի զենք տալ Ուկրաինայում գտնվող խմբավորումներին, նրա հետ բոլորն էլ կհամագործակցեն:

-Բայց համաձայնեք, որ հիմա Ուկրաինան երկրորդ պլան է մղված և Սիրայի ավիակոծությունները, «Իսլամական պետության» դեմ պայքարն է առաջինում այս գլոբալ ահաբեկչությունների ֆոնին:

- Ես, որքան հասկանում եմ, ինձ հարց ուղղվեց` արդյո՞ք այսօր պահը չէ Ռուսաստանի հետ համագործակցության: Ես էլ ասում եմ, որ Արևմուտքը Ռուսաստանի հետ չի համագործակցելու, մինչև Ռուսաստանը չանի այն, ինչ պետք է անի, անկախ այն բանից, այսօր Սիրիան առաջին պլան է մղվել և Ուկրաինան` մոռացվել:

-Ամեն դեպքում, եթե  ԵԽԽՎ Սոցիալական հանձնաժողովը  որոշի Սարսանգի ջրամբարի հարցը ներառել Վեհաժողովի լիագումար նիստում, դա կլինի ՀՀ-ին գոտկատեղից ներքև երկրորդ հարվածը: Ըստ Ձեզ` ի՞նչ է ուզում ԵԽԽՎ-ն, ի վերջո, միջնորդներն էլ այդքան ասում են` մի վնասեք, բայց Ուոլթերի զեկույցից հետո փորձ է արվում մտցնել Մարկովիչինը: Ինչու՞:

-Կան մի քանի հանգամանքներ: Կա օբյեկտիվ պատճառ և դա այն է, որ Հայաստանը, ինչպես նշեցի, Ռուսաստանի հետ ոչ թե համագործակցում է, այլ նրան լիովին տրվել է: Միայն պատկերացրեք, որ ԵԽԽՎ-ում մեր պատվիրակության ղեկավարը (Հերմինե Նաղդալյանը- Tert.am) ամեն անգամ Կիսելյովին դիմավորում է որպես չգիտեմ ինչ մեծության պետական գործչի, այն դեպքում, երբ նա ընդամենը ռուսական մի պրոպագանդիստ է:  Բայց հետո, երբ փորձում են ինչ-որ բան անել Եվրոպայի խորհրդում, դա անհնար է: Անհնար է, որ մարդը ոչ թե սիրի, այլ տրվի Ռուսաստանին, հետո գնա Եվրոպայի խորհուրդ ու ասի`«գիտեք ինչ, մենք մեծ ընտանիքի անդամ ենք»: Ես ինքս էլ այդտեղ աշխատել և շատ լավ գիտեմ, որ Եվրոպայում մեզ շատ լավ հասկանում են, երբ մենք խոսում ենք իրենց լեզվով: Այնպես, որ նորից եմ կրկնում, Եվրոպայում պետք է այն մարդիկ աշխատեն, որոնք հասկանում են` ինչ է Եվրոպան: Եվ երկրորդ, հայկական պատվիրակությունն ընդհանրապես չի աշխատում ԵԽԽՎ-ում. իրենք գնում այնտեղ ինչ-որ հայտարարություններ են անում ու կրկին վերադառնում` իրենց «բարեփոխումներին», իրենց հանրաքվեներին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել