Tert.am-ը գրում է.

Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը Tert.am-ի հետ զրույցում տեսակետ հայտնեց, թե ՀՀ-ԵՄ նոր շրջանակային պայմանագրի ստորագրելու հարցում չի կարելի թերահավատ լինել միայն Հայաստանի մասով:

«Այստեղ միայն Հայաստանի գործոնը  չի և՛ Հայաստանի, և՛ ԵՄ  հարաբերություններն այլ օժանդակ խնդիրներ են  իրենց մեջ պարունակում, և անձամբ ես հույս ունեմ, որ  մեկ տարվա ընթացքում մեզ կհաջողվի դա անել, բայց այդպես պնդել և  100% վստահությամբ  ասել, որ այո, մենք այսինչ օրը կունենաք այսինչ տեսքով արդեն պատրաստի բանակցված փաստաթուղթ, իհարկե իրատեսական չէ»,- ասաց նա:

Արտակ Զաքարյանի խոսքով՝ դժվարության հանդիպելու խնդիր չկա: «Դա մեկ գծանի գործողություն չի, կամ մեկ անհայտով հավասարում, որ դնենք և լուծեք: Մեր նպատակն է հարաբերությունները խորացնել և ընդլայնել ԵՄ-ի հետ՝ համարելով, որ ԵՄ-ն մեր լավագույն գործընկերներից մեկն է: Ունենք նաև օրակարգ, այդ  օրակարգը իրավական տեսքի բերելու համար  և պայմանագրով ամրագրելու համար սկսվել են բանակցություններ: Հիմա շատ բաներ կարող է նաև ԵՄ-ի տարածքում փոխվել»,- ասաց նա:

ՀՀԿ պատգամավորը հույս հայտնեց, որ բանակցային աշխատանքներում առավելագույնը կհաջողվի. «Հաշվի առնելով նախորդ տարիների փորձը, թիմերի ձեռք բերած հմտությունները և շատ  խնդիրների համար պարզեցված իրավիճակները և նաև հաշվի առնելով, որ դեռևս շատ խնդիրներ կարող են ի հայտ գալ՝ անվտանգության, ահաբեկչության պայքարի և այլն, բանակցողները պետք է փորձեն, որպեսզի հաջողվի առավելագույնը »:

Իսկ  թե բանակցային փաստաթուղթն արդյո՞ք ներառում է այն, ինչ սպասում էին՝ պատասխանեց, թե նայած ով ինչ էր սպասում: «Բանակցությունների սեղանին կդրվեն մի փոքր տնտեսական և առևտրային ոլորտին առնչվող հարցեր, բայց հիմնականում հումանիտար ոլորտի, ժողովրդավարության և իրավական ոլորտի խնդիրներ կլինեն»,- ասաց նա: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել