Tert.am-ը գրում է.

Տարիներ շարունակ համոզվել ենք, որ ըմբոստության կոչերով, հանրահավաքներով իշխանությանը փոխելու կամ իշխանություններին նեղելու նպատակով խնդիրը չի լուծվի: Tert.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր, ԲՀԿ «այո» շտաբի պատասխանատու Աբրահամ Մանուկյանը՝ անդրադառնալով սահմանադրական փոփոխությունների «ոչ»-ի կողմնակիցների՝ հանրային ընդվզման մասին հայտարարություններին: Աբրահամ Մանուկյանն ասաց, թե հանրահավաքներ կարելի է նախաձեռնել կողմնակիցների թիվը ավելացնելու, ոչ թե գնալ ջարդելու, գրավելու, քանդելու համար:

- Ինչպե՞ս եք գնահատում սահմանադրական հանրաքվեի գործընթացը:

- Շատ նորմալ, շատ լավ:

- Դուք հանդիպումներ եք անցկացնում մարզերում, Երևանում, ինչպիսի՞ն է մարդկանց տրամադրվածությունը:

- Չեմ կարող ասել, որ բոլորի տրամադրվածությունը փայլուն է: Նախ, մենք ամենից շատ հանդիպում ենք մեր ակտիվի, մեր կուսակցականների հետ, բայց միևնույն ժամանակ մարզերում բնակիչների հետ ևս հանդիպումներ ենք ունենում: Մարդիկ կան, որ նոր փաստաթուղթը սխալ են ընկալել, տարընթերցումներ կան, մարդիկ կան, որ անգամ չեն էլ ընթերցել, ծանոթ չեն այս նախագծին: Բացատրում ենք, ասում ենք՝ ինչն է փոխվել, ինչ դրական փոփոխություններ ենք մենք տեսնում, որի պատճառով «այո» ենք ասում: Բացատրական աշխատանք ենք տանում ու զգում ես, որ դրա արդյունքում փոխվում են մարդիկ՝ դեպի դրականը, դեպի «այո»-ն:

- Իսկ ինչպե՞ս եք բացատրում, ի՞նչ փաստարկներ եք ներկայացնում:

- Նայեք, արդարադատության հետ կապված մի շարք խնդիրներ կան, որոնք նոր սահմանադրությամբ բարեփոխվում են, բարելավվում են մարդու իրավունքները: Կուսակցությունների կայացման հետ կապված ևս նոր փաստաթուղթը լայն հնարավորություններ է տալիս: Պետք է բարձրանա ոչ միայն իշխող կուսակցության, այլև՝ մյուս ուժերի դերն ու նշանակությունը, իսկ սա նոր սահմանադրությամբ հնարավոր է դառնում:

- Վստահ եմ, որ հանդիպումների ընթացքում «ոչ» ասողների ևս հանդիպում եք: Բանավեճեր լինո՞ւմ են:

- Ազնվորեն ասում եմ, այն հանդիպումներին, որոնց ես անձամբ մասնակցել եմ, ռադիկալ «ոչ» ասող, քննադատ չեմ հանդիպել: Քննարկումներ լավ ու վատի հետ կապված գնում են, բայց տենց ռադիկալ «ոչ» ասող չկա:

- Սահմանադրական հանրաքվեին «ոչ» ասողները շարունակում են պնդրել, որ փոփոխությունները նպաստելու են իշխանության վերարտադրմանը: Դուք շարունակո՞ւմ եք վստահ լինել, որ դա այդպես չէ:

- Իհարկե: Նայեք, գործող Սահմանադրությունը 2005թ.-ից գործում է, ի՞նչն է խանգարել իշխանություններին վերարտադրվել: Նախագահը գործող Սահմանադրության գերագույն գլխավոր հրամանատարն է, նա է միանձնյա ղեկավարում, իսկ երբ փոխվի, երկրի կառավարումը մեկ հոգու ձեռքին էլ չի մնա: Ժամանակին այդ նույն ընդդիմությունն ասում էր, թե ինչի է մեկ հոգու ձեռքին, ինչի է իշխանությունը կենտրոնացված, բայց հիմա չեն ուզում, որ փոխվի: Մի՞թե մինչև հիմա չի վերարտադրվել…

- Ինչպե՞ս եք վերաբերում, որ «ոչ»-ի ներկայացուցիչները հանրությանը ընդվզման կոչ են անում:

- Ես ըմբոստությանը դեմ եմ, ամեն ինչ պետք է անել երկխոսության, համաձայնության մթնոլորտում: Տարիներ շարունակ համոզվել ենք, որ իշխանությանը փոխելու կամ իշխանություններին նեղելու խնդիր դրանով չի լուծվի: Կարող ես հարցերը դեբատներով բարձրացնես: Հանրահավաք կարող ես անել, բայց ոչ թե ըմբոստության կոչով, որ գնանք ջարդենք, գրավենք, քանդենք, այլ հանրահավաք անես՝ ժողովրդի ավելի լայն զանգվածներ ընդգրկելու, կողմնակիցներիդ շատացնելու համար: Ըմբոստության կոչը ես համարում եմ սխալ:

- Մամուլում շարունակվում են շրջանառվել լուրեր, որ սահմանադրական փոփոխություններից հետո ՀՅԴ-ն, ԲՀԿ-ն ու ՀՀԿ-ն կոալիցիա են կազմելու: ԲՀԿ-ն իշխանությունների հետ կոալիցիա կազմելու մտադրություն ունի՞:

- Քաղաքականության մեջ ամեն ինչ հնարավոր է: Բայց կոնկրետ այդ թեմայով ոչ մի խոսակցություն, ոչ մի ակնարկ, ոչ մի քննարկում այս պահի դրությամբ չի եղել: Ապագայում ամեն ինչ հնարավոր է, բայց այս պահի դրությամբ ոչ մի նման քննարկում չկա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել