«Մոսկվա» կինոթատրոնում երեկ նոստալգիկ տրամադրություն էր. կայացավ «Որոգայթ» գեղարվեստական ֆիլմի պրեմիերան։ Սերիալի ավարտից տարիներ անց ցույց է տրվում գլխավոր հերոսի՝ Հովոյի երիտասարդությունն ու անցած ճանապարհը, քրեական աշխարհում «ամենակարող» Հովոյի սերերն ու թուլությունները։
Հարություն Մովսիսյանի, Սարգիս Գրիգորյանի, Ելենա Բորիսենկոյի, Գրիշա Աղախանյանի, Սոս Ջանիբեկյանի, Արփի Գաբրիելյանի, Ստեփան Ղամբարյանի, Սոֆյա Պողոսյանի, Գարիկ Չեպչյանի, Վարդան Հովսեփյանի, Ռուդոլֆ Ղևոնդյանի, Մարջան Ավետիսյանի, Ալեքսանդր Խաչատրյանի, Սամվել Փիլոյանի, Արթուր Դարբինյանի, Աննա Գրիգորյանի, Բորիս Պեպանյանի և այլ հայտնի դերասանների մասնակցությամբ ֆիլմը ներկայացնում էր զուգահեռ պատմություններ 1980-ականներից և մեր օրերից։
Ռեժիսոր Ռոման Մուշեղյանը BlogNews-ին ասաց, որ ֆիլմը հայկական իրականության համեմատ բավականին մեծ բյուջե ունի՝ մոտ 400 հազար դոլար։ «Կարծում եմ՝ իր տեսակի մեջ ստացված ֆիլմ է։ Փորձել ենք հավատարիմ մնալ սերիալին, սակայն առանձին պատմություն ստեղծել։ Սերիալից հետո ֆիլմ նկարահանելը ռիսկային քայլ էր, սակայն մեզ մոտ շատ պրոֆեսիոնալ թիմ էր աշխատում, և հաշվարկված էին բոլոր ռիսկերը»,- ասաց ռեժիսորը։
Հարություն Մովսիսյանն էլ նշեց, որ Հովոյի կերպարն իր համար շատ կարևոր նշանակություն է ունեցել, և այս տարիների ընթացքում էլ Հովոն միշտ իր կողքին է եղել:)
«Շանթ» հեռուստաընկերության տնօրեն Արթուր Եզեկյանը նշեց, որ տասը տարի առաջ ոչ ոք չէր հավատում, որ 40 դերասան կարող են երկար ժամանակ միասին աշխատել, որ հնարավոր է սերիալ նկարահանել, որի ծախսերը նույնացվում էին կինոարտադրության ծախսերի հետ, սակայն դա իրականություն դարձավ։ «Չափազանցություն չի լինի, եթե ասեմ, որ ԱՊՀ-ում Հայաստանը երրորդ երկիրն է Ռուսաստանից և Ուկրաինայից հետո, որտեղ կա սերիալների արտադրություն»,- ասաց նա։
Ֆիլմը դիտելու էին եկել շոու բիզնեսի հայտնի ներկայացուցիչները, կինոգործիչներ և այլ անվանի մարդիկ։ Երեկոն շարունակվել է «Մեցցո» ակումբում, որտեղ կայացել է ֆիլմի afterparty-ն։ BlogNews-ի ֆոտոռեպորտաժը ներկայացնում ենք ստորև։


Նյութը՝ Ամալյա Հովհաննիսյանի
Լուսանկարները՝ Կարեն Անտինյանի և Կարեն Հովհաննիսյանի



