Արցախյան պատերազմի ազատամարտիկ, նախկին քաղբանտարկյալ Աշոտ Զաքարյանի` Հայաստանը լքելու մասին լուրին հեգնանքով են արձագանքում իր երբեմնի համախոհները: Իբր` իրեն վճռական էր համարում, թող մնա ու պայքարի, վճռական գործողությունների դիմի եւ այլն: Ամբողջ խնդիրն այն է, որ Աշոտ Զաքարյանը ամիսներ առաջ լքել էր ՀԱԿ-ը, եւ հիմա ՀԱԿ-ի «ակտիվը» զբաղված է նրան հեգնելով: Աշոտ Զաքարյանն, այո, վճռական էր: Գյումրիի դատարանում նա չընկրկեց իրեն վերագրված կեղծ մեղադրանքներից, պայքարեց, ապացուցեց իր արդարացիությունը: Թե ինչու է նա որոշել, ընտանյոք հանդերձ, լքել Հայաստանը, դա իր անձնական գործն է: Բայց այստեղ մտածելու շատ բան ունեն իշխանություններն էլ, ընդդիմությունն էլ, որտեղ նա վերջին տասը տարիներին ունեցել է շատ էական դերակատարում, երկու անգամ՝ 2003 եւ 2008թթ. ՀՀ նախագահի ընտրություններից հետո, կալանավորվել է, եղել քաղբանտարկյալ: Իսկ թե ինչու այսօր ընդդիմադիր դաշտում եղանակ են ստեղծում ոչ թե նման մարդիկ, այլ` իրենց մկանունքը եւ վճռականությունը Ֆեյսբուքում ցուցադրող եւ առանձին անհատների վրա գռեհիկ կերպով հարձակվողները, դա էլ հենց ընդդիմության խնդիրն է: Ինչո՞ւ են նման մարդիկ մեկուսացել քաղաքական պայքարից եւ ինչո՞ւ են լքում Հայաստանը: Ոչ թե հեգնելու, այլ ցավալու, մտորելու, անցած ճանապարհը վերաժեւորելու ժամանակն է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել