Կյանքը երբեք հեշտ չի լինում, բոլորն էլ հանդիպում են դժվարությունների:

Դժվարություններ, որոնք չեն թողնում քնել, չեն թողնում մտածել, ու թե մի կտոր ուտելիք էր պետք, դա էլ է կոկորդիդ կանգնում:
Դժվարությունը, երբ մտածում ես դրա մասին  61 վայրկյան մեկ րոպեում, երբ չես կարողանում չգնալ այն վայրերը, որտեղ շնչում էիր, հիմա դու այնտեղ շնչահեղձ ես լինում, ցանկանալով արտասվել՝ հանգստանալ, բայց նույնիսկ լացել քեզ մոտ չի ստացվում, դու վերացել ես, դու էլ չկաս:
Դժվարությունը այն է, երբ վախենում ես քնել, քանի որ գիտես երազիդ մասին, գիտես դրա հերոսների անիրական քայլերը, որոնք ավելի դժվար են դարձնում: Դժվարությունը, երբ դիմակ դնել չես կարողանում ու մարդկանց համար ցանկալի դերեր չես փոխում, երբ չես ուզում գնալ աշխատանքի՝ գորշ ու մռայլ թվացող սենյակ, որը հունից հանում է, խենթացնելով ստիպում հանգչել համակարգչի առջև մինչև աշխատանքի ավարտը:
Դժվարությունն այն է, երբ ֆիզիկական ցավին փոխարինում է հոգեկանը ու խժռում ձեր սրտերը, ճնշում, ստիպում, վիրավորում, ջնջում հիշողությունները, բայց շատ դանդաղ, հանդարտ, անտարբեր... Դուք լուռ տառապում եք՝ ձևացնելով, ստելով բոլորին, բայց կգա ախր, կգա այդ օրը, այդ վերջաբանը, այո՛, կգա այդ օրը, ու կզգաս, դու հաղթահարում ես՝ քայլ առ քայլ մոտենալով այն կետին, որն էլ քո փրկությունն է... Քո արդեն անտարբեր հոգին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել