Tert.am-ը գրում է.

Վարչապետի Հովիկ Աբրահամյանի հանձնարարությամբ բոլոր այն մարմինների ներկայացուցիչները, որոնց անունները հիշատակված են եղել «Գրինբին» սրճարանի սեփականատեր Դևիդ Բեքեթի՝ ՀՀ-ում համակարգված կոռուպցիայի մասին հարցազրույցում, հանդիպել են հոդվածի հեղինակի հետ:

Այս մասին կառավարություն-ԱԺ հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը` նշելով, որ ցանկացած հրապարակում, որն իր մեջ պարունակում է հանցագործության մասին կոնկրետ տվյալներ, անմիջապես արձագանքի է արժանանում կառավարության կողմից:

«Եվ պարզ դարձավ, որ իրականում ամբողջ ժամանակահատվածում, թեև հոդվածում այլ շեշտադրումներ էին արվում, տեղի է ունեցել մեկ ստուգում։ Այն տեղի է ունեցել 2012 թվականին, որի ընթացքում տնօրենը համապատասխանաբար տուգանվել է և որևէ բողոք չի ունեցել՝ չունենալով հակահրդեհային համակարգ»,-տեղեկացրեց նախարարը:

Դավիթ Հարությունյանը պատասխանում էր «Հայ ազգային կոնգրես» խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանի հարցին, թե ինչ քայլեր է ձեռնարկել կառավարությունը «Գրինբին» սրճարանի  սեփականատեր Դևիդ Բեքեթի հայտարարությունների հետքերով:

Հիշեցնենք, որ վերջինս նշել էր, որ Հայաստանում գործում է այնպիսի համակարգ, որը ոչ թե փոքր ու միջին բիզնեսին է աջակցում` հաջողության հասնելու համար, այլ, հակառակը, պատժում է, որ սնանկանա:

Կառավարության աշխատակազմի ղեկավարը հայտարարեց, որ նաև մաքսային հայտարարագրի հետ կապված օտարերկրացու մեկնաբանություններն այնքան էլ ճիշտ չեն և դրանք չեն բողոքարկվել: Նա նաև ասել էր, որ դիտավորյալ երեք շաբաթ շարունակ իր ապրանքը պահվել էր պահեստներում

Կառավարության անդամն այս առնչությամբ ասաց, որ դիմումը ներկայացվել էր հունիսի 14-ին, իսկ արդեն հունիսի 18-ին այն գնահատված է եղել մաքսային մարմնի կողմից, իսկ թե ինչու չեն վերցրել ապրանքը երեք շաբաթ, չի կարող ասել:

Որպես արձագանք `ՀԱԿ անդամը նկատեց, որ իր պատասխանը կփոխանցի սրճարանի սեփականատերեր Բեքեթին ու Իրինա Ղափլանյանին և ցավում է, որ կառավարությունը և չօգտագործեց առիթը՝ վերլուծելու, թե ինչն է ՀՀ-ում խեղդում փոքր բիզնեսը, այլ գնաց « սուխոյ ատկազի» ճանապարհով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել