Exclusive

BlogNews-ն իր ընթերցողներին ներկայացրել էր, թե ինչով են հիմա զբաղվում «Որբերը» հեռուստասերիալի երեխաները հիմա։ «Որբերը» հեռուստասերիալում Աշոտին մարմնավորած Նարեկ Պալեզյանին գտնելն ամենաբարդն էր. նա գրանցված չէ սոցիալական ցանցերից որևէ մեկում, գործընկերների հետ էլ կապ չի պահպանել։ Որոշ ժամանակ առաջ նրանից լուսանկարներ էին տարածվել համացանցում, սակայն դրանք «Հրեշտակների դպրոցը» սերիալի նկարահանման տարիներին արված նկարներ էին։ BlogNews-ին հաջողվեց գտնել Նարեկին. նա ամուսնացել է և արդեն հասցրել է հայր դառնալ:)

Նարեկը 22 տարեկան է։ Նրա կինը՝ Հռիփսիմեն, սովորում է Մանկավարժական համալսարանում, առաջիկայում աշխատանքի կանցնի դպրոցում կամ մանկապարտեզում։ Նա և Նարեկն ամուսնացել են մեկումես տարի առաջ։ «Շատ վաղուց ենք ճանաչում իրար՝ 13-14 տարեկան էի, երբ ծանոթացանք։ Այն ժամանակվանից ընկերություն էինք անում։ Երբ զորակոչվեցի բանակ, Արցախում էի ծառայում, և մի քիչ հեռվացանք, սակայն զորացրվելուց հետո կապը վերականգնվեց։ Հետո ամուսնացանք»,-պատմեց նա։

2 ամիս առաջ զույգն աղջիկ է ունեցել, ում անվանակոչել են Անգելինա։ «Աղջկաս ծնունդից հետո ամեն ինչ փոխվել է։ Արդեն սկսել եմ այլ կերպ մտածել. հիմա ունեմ բալիկ, լավ ընտանիք ու երջանիկ եմ։ Ես լիարժեք պատասխանատվության զգացում ունեմ ընտանիքիս հանդեպ։ Երբ ամուսնանալու որոշում կայացրի, արդեն գիտակցում էի պատասխանատվությունն ու կյանքի դժվարությունները»,- նշեց Նարեկը։

«Որբերից» հետո Նարեկը միայն «Հրեշտակների դպրոցում» նկարահանվեց։ Այժմ նա աշխատում է փոքր օդանավակայանում՝ որպես օպերատոր։ «Բանակից զորացրվելուց հետո ցանկանում էի իմ գործով զբաղվել։ Գնացի «Արմենիա TV», «Շանթ», «Հ1», նկարներ ուզեցին, տարա, սակայն այդպես էլ չկանչեցին նկարահանվելու։ Դադարը դրանով էր պայմանավորված, թե չէ ես սիրում եմ իմ գործն ու ցանկանում էի նկարահանվել։ Հիմա էլ, եթե հրավեր ունենամ, մեծ հաճույքով կնկարահանվեմ։ Դա չի խանգարի իմ երկրորդ աշխատանքին»,- ասաց Նարեկն ու հավելեց, որ սովորել է Երգի պետական թատրոնում՝ հաղորդավարության բաժնում։

Նա փորձել է ընդունվել Թատերականի դերասանական բաժին, սակայն  կտրվել է։ «Մեր սիրելի Ռաֆայել Քոթանջյանը չընդունեց ինձ,- ասաց նա, իսկ հարցին՝ ինչն էր պատճառը, պատասանեց,- ուղղակի... դե բոլորս էլ գիտենք իրեն. քննության ժամանակ թե՛ արտասանությունս, թե՛ երգս, ամեն ինչ լավ էր, մի բան էլ ավելի։ Երևի ես իրեն դուր չեկա։ Հաստատ գիտեմ, որ ինքը կտրեց»։

Երբ Նարեկը նկարահանվում էր «Որբերը» հեռուստասերիալում, 14 տարեկան էր։ Նա նշեց, որ այս հեռուստասերիալում նկարահանվելն իր համար շրջադարձային էր. «Շատ ուրախ էի, որ նկարահանվեցի «Որբերում»։ Ինձ միշտ դրական բաներ էին ասում դերիս վերաբերյալ, ես էլ ուրախանում էի դրանից, ինձ լավ էի զգում։ Ժողովուրդն ինձ սիրում ու գնահատում էր։ Հիմա կրկին ցույց են տալիս «Որբերը», մի քանի սերիա նայել եմ։ Կարծում եմ՝ լավ աշխատանք ենք արել։ Հիմա մեծացել եմ, փոխվել։ Մարդիկ տեսնում են, ասում՝ դեմքդ ծանոթ է, սակայն տեղը չեն բերում՝ որտեղից։ Հետո հիշում են, ասում՝ լավ էիր խաղում, հիմա ինչո՞ւ չես նկարահանվում»։

Անդրադառնալով հարցին՝ ինչն է պատճառը, որ նա կապ չի պահպանել գործընկերների հետ, Նարեկը պատասխանեց. «Ես շատ շփվող եմ, ուղղակի հանգամանքների բերումով հիմա ամեն մեկն իր գործերով է զբաղվում։ Ես սիրով կշփվեմ նրանց հետ, ուղղակի առիթ չի եղել»։

     

Նյութը՝ Ամալյա Հովհաննիսյանի

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել