Ես հիշում եմ, որ երբ 2006 թվականին ընդունվում էր գործող սահմանադրությունը, այն ժամանակ դրա դեմ հանդես եկողների մեծ մասին այսօր կարելի է տեսնել այն ճաբարում, որը թուր ու թվանքով պաշտպանում է այն՝ հանդես գալով նոր Սահմանադրության դեմ։ Սա տարօրինակ չի՞ թվում ձեզ։

Մեծ հաշվով ողջ այն հռետորաբանությունը, որը լսում ենք ընդդեմ նոր Սահմանադրության, նույն այդ մարդկանցից շատերը կրկնում էին դեռ քոչարյանական սահմանադրությունն ընդունելի։ Հարց է առաջանում, թե ինչն է փոխվել։ Թերևս, ամենադիպուկ պատասխանը լսել եմ հենց «Այո և ոչ» շոուի ընդդիմադիր ճամբարի մի կնոջից, ով ասաց, որ իշխանությունները պարազիտացվել են իրենց հաղթանակներում, իսկ ընդդիմությունը պարազիտացվել է իր պարտություններում։

Սա իրականում շատ խորը ու դիպուկ միտք է։ Ցավոք սրտի, արդի հայկական քաղաքականությունում մեր ընդդիմությունը մենակ մի բանի է սովորել՝ հնարավորինս դրամատիկ ու անփառունակ պարտություններ կրել, ու այնպիսի տպավորություն է, որ հաղթելու նպատակ այլևս չի էլ դրվում։ Գերնպատակ է պարտվելիս դա անել հնարավորինս մեծ դրամայով ու աղմուկով, հետո հանդարտվել, որ ժամանակ լինի նախապատրաստվել նոր պարտությանը։

Ըստ այդմ, ինձ հիմա հարցի մյուս կողմն է հետաքրքրում։ Մենք պարզ երկընտրանքի առջև ենք. կամ ընտրում ենք գործող սահմանադրությունը, կամ ընտրում ենք նոր սահմանադրություն։ Մենք արդեն բավականին շատ բան ենք լսել ընդդիմադիրների կողմից, թե ինչով է վատը նոր սահմանադրությունը։ Ենթադրենք, որ էլ ասելու բան չկա այս առումով, բայց ինձ հետաքրքիր է, թե ինչ կասեն նույն ընդդիմադիրները, եթե իրենց հարցնեն, թե ինչով է այդքան լավը գործող սահմանադրությունը, որ մենք էլ ցանկանանք ամեն գնով պահպանել այն։ Կա՞ հոդաբաշխ պատասխան։ Եթե կա՝ խնդրում եմ այն հանել ասպարեզ, որովհետև այնպիսի տպավորություն է, որ անգամ նորմալ չհասկանալով, թե ինչ ունենք հիմա, կատաղի պոլեմիկա ենք վարում, թե ինչու պետք է փոխել կամ էլ պետք չէ փոխել այդ անհասկանալի բանը մեկ այլ՝ ոչ ավելի հասկանալի բանով։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել