«Ձեր նման քաղաքացիները իրավունք չունեն այս երկրում ապրեն», - այսպիսին էր ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԱՏԱՎՈՐ Ք. ՄԿՈՅԱՆԻ օգնական Հ. Մուրադյանի պատասխանը.

Այսօր առավոտյան ՎՃԱՐՄԱՆ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆ եմ ստանում Հայաստանի Հանրապետության վարչական դատարանից` դատավոր Ք. ՄԿՈՅԱՆԻ պարզաբանմամբ ու որոշմամբ, առ այն, որ Հայաստանի Հանրապետության ճանապարհային ոստիկանությունը պահանջում է 10,000 վճարել իր հաշվեհամարին:

Այն, որ դատարանը միակողմանիորեն որոշում է կայացրել և նման կարգադրություն է կատարում, դա մի կողմ: Բայց որ դատարանը իր վարույթ է ընդունել պակաս փաստաթղթեր պարունակող գործ, դա արդեն անհասկանալի է:

Մեջբերում եմ. «... համաձայն վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 305-րդ հոդվածի 3-րդ մասի՝ եռապատկվել է և կազմում է 15000 դրամ, որից 5000 դրամ վճարված է»:

ՀՀ ՃՈ կողմից ներկայացված հայցադիմումն ու խախտման ակտը առկա է, իսկ կատարված վճարման փաստաթուղթը ներկայացված չէ: Նույնիսկ պարզաբանման մեջ հստակեցված չէ, թե 5000 դրամ երբ է վճարվել: Սակայն դատավորը կարողանում է պարզաբանել և որոշում կայացնել: 

Այսպիսով` 1.5 տարի անց ՀՀ ճանապարհային ոստիկանությունը փորձում է շորթումնե՞ր կատարել` հույսը դնելով, որ տույժի ենթարկված վարորդները պահպանած չեն լինի անդորրագրերը: Եթե այո, ապա այն բարեփոխումները, որոնք իրականացվել են վերջին տարիների ընթացքում ուղղակի գումարների վատնում է: Կարող ենք արձանագրել, որ 2007թ.-ից մինչև հիմա որևէ բարեփոխում այս ոլորտում չի կատարվել:

Հարցին, թե ինչու՞ իմ վճարման անդորրագիրը ներկայացված չէ գործում, դատավոր Ք. Մկոյանի օգնական Հ. Մուրադյանը պատասխանում է. «Ես պարտավոր չեմ ձեր հարցերին պատասխանել, համ էլ տոնդ փոխի»: Մի քանի անգամ հարցս պնդելով, ի վերջո ստանում եմ. - «Ձեր նման քաղաքացիները իրավունք չունեն այս երկրում ապրեն»: Ստացվում է, որ այն քաղաքացիները, ովքեր գիտեն իրենց իրավունքները և հետևողական են, և ամենակարևորը ում հարկերի հաշվին ապրում են այս ձրիակերները, այլևս այս երկրում ապրելու՜ իրավունք չունեն:

Արդյո՞ք սա է դատական համակարգի բարեփոխման ծրագիրը: Եթե ոչ, ապա պետք է սկսել հենց սրանցից:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել