ԱՊՊԱ՝ եղած, թե չեղած


Ցանկանում եմ կիսվել բոլորիդ հետ «Ռոսգոսստրախ Արմենիա» ընկերության մշակած նոր՝ ԳՌԱՆՁԻՈԶ քաղաքականությամբ, որի առաջին փորձը երևի թե կատարվեց ինձ վրա: Փորձելով խուսափել ինքս ինձ բրիտանական փորձագետների առնետ զգալուց՝ որոշեցի այս հարցը դարձնել հանրային:
05/11/2015-ին Ավանի Բաբաջանյան փողոցի տարածքում BMW մակնիշի մեքենան, կատարելով հետընթաց, հարվածեց իմ վարած Mercedes Benz E դասի ավտոմեքենային (ստորև նկարում ներկայացված են հարվածի վնասները):
Ինչպես կարգն է՝ ժամանեցին «Ռոսգոսստրախի» գործակալը (նրա անպարկեշտ վերաբերմունքը և մոլորության մեջ գցելու մոլուցքն այլ պատմություն է) և պետավտոտեսչության աշխատակիցը:
Ինձ հարվածողը՝ BMW-ի վարորդը, ընդունեց իր մեղքը, պետավտոտեսչության աշխատակիցը կատարեց համապատասխան գծանշման աշխատանքներ և այլն:
Չանցած մի քանի օր՝ ես վերցրեցի պետավտոտեսչության եզրակացությունը, որտեղ հստակ գրված էր, որ ես անմեղ եմ, իսկ BMW-ի վարորդը՝ մեղավոր (կատարել է հետընթաց և անուշադրության պատճառով հարվածել):
Ես եզրակացության և համապատասխան փաստաթղթերի հետ միասին գնացի Հալաբյան փող.-ի «Ռոսգոսստրախ Արմենիա» տեղամաս, ներկայացրեցի փաստաթղթերը, նրանք նկարեցին վնասված հատվածները և ինձ ասացին սպասել մի քանի օր, մինչ կտեղեկացնեն վնասի չափի մասին:
Մի քանի օր անց զանգ իմ հայրիկին (քանի որ ավտոմեքենան գրանցված է իր անունով, բայց մենք երկուսով ԱՊՊԱ-ում գրանցված ենք որպես համաօգտագործողներ)՝ Ձեր վնասը կազմում է 25.000 ՀՀ դրամ: 
Անկեղծ, մոտս կասկած առաջացավ, որ հայրս սխալ է լսել չափը, գնացի մասնաճյուղ, և հաստատեցին, որ 25.000 ՀՀ դրամ է կազմում, այն դեպքում, երբ ես ինքս մասնաճյուղում գնահատել էի 250.000 դրամ, իհարկե ավել իրական վնասի չափից, ինչպես բոլորն են անում, հույս ունենալով, որ դրա կեսն էլ տան՝ լավ է: 
Հաջորդ քայլս այն էր, որ ես բողոքարկեցի գնահատման չափը, մի քանի օր անց կրկին զանգ, մենք հաստատում ենք նախնական՝ 25.000 ՀՀ դրամ վնասի չափը:
Եզրակացություն.
Նրանք միտումնավոր ցածր են գնահատում, որպեսզի թողնես մեքենադ իրենց վարպետների մոտ, այդպես ձեռնտու է, բնականաբար: Բայց նախ ես չեմ վստահում իրենց վարպետին, ես ունեմ իմը, երկրորդը՝ այդ ի՞նչ որակի վարպետ է, որ 25.000 դրամի մեջ տեղավորում է բոլոր նյութերի և իր վերանորոգման արժեքը: 
Մոտեցել եմ շենքի տակի՝ ամենամատչելի գներով աշխատող վարպետներին, նվազագույն արժեքը եղել է 80.000 դրամ, քանի որ պետք է ամբողջությամբ ներկվի հետևի թափարգելը (գույների մոնոտոնությունն ապահովելու համար), պետք է կատարվեն վակուումով մետաղի շտկման աշխատանքներ և փայլեցում, չեմ ուզում նշել ամբողջը, բայց ակնհայտորեն դա ավել է կազմում 25.000 ՀՀ դրամից:
Դե ինչ, մեղքն իրենց վիզը, ես պատրաստվում եմ առանց երկմտանքի հրաժարվել այս ընկերությունից և հորդորում եմ մնացած վարորդներին լինել պահանջատեր և զգոն ԱՄԵՆԱԱՌԱՋԱՏԱՐ ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԵԼԱՈՃԻՑ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել