Tert.am-ը գրում է.

ԱԺ հայտարարությունների ժամին «Հայ ազգային կոնգրես» խմբակցության պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանը նշեց, թե ակտիվացվել են ԼՂՀ հակամարտության շուրջ տեղի ունեցող տարբեր բանակցությունները:

Ըստ նրա, այս չկարգավորված հիմնահարցի շուրջ ուժային բևեռները և մասնավորպես ԵԱՀԿ Մինսկի խումբը ամեն կերպ փորձում է վերահսկողություն ապահովել, որպեսզի  պատերազմական գործողություններ չսկսեն:

Սրան զուգահեռ Լյուդմիլա Սարգսյանը հղում կատարեց լրատվամիջոցների հրապարակումները, թե հնարավոր է ԼՂՀ մի քանի շրջանի վերադարձ Ադրբեջանին՝ կայուն խաաղության դիմաց; «Միակողմանի զիջումները չեն նվազեցնի լարվածությունը և կայունությունն էլ ավելի կվատանա»,-ասաց նա: 

Ըստ նրա, այս համատեքստում կարևոր է Մինսկի խմբի ադեկվատ գնահատականը Ադրբեջանի դեմ՝ սահմանային սադրանքին և դիվերսիաների գնալու համար:   

«Որևէ կարգավորում չի կարող կյանքի կոչվել առանց ԼՂՀ ժողովրդի համաձայնության, իսկ նման համաձայնությունը կարող է ամրագրվել միայն հանրաքվեի միջոցով»,-ասաց նա և կոչ արեց ԼՂՀ և ՀՀ իշխանություններին չգնալ որևէ ճնշումների:  

Պատգամավորը նշեց, թե գտնում է, որ ժամանակն է, որ Ղարաբաղի իշխանությունները պաշտոնապես հայտարարեն, որ ՀՀ-ն չի ներկայացնում Արցախը և պահաջեն բանակցային լիարժեք մանդատ:

ՀԱԿ պատգամավորի ելույթին արձագանքեց ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը, ով հավատացրեց, թե մամուլում հրապարակված նյութերը ստահոդ են և որևէ նոր գործընթաց ազատագրված տարածքների նկատմամբ գոյություն չունի:

«Միակողմանի զիջումները բացառվում են և ԼՂՀ ժողովրդի ինքնիշխան իրավունքի իրացումն այլընտրանք չունի: Ղարաբաղի ճակատագիրը որոշելու է բացառապես ԼՂՀ  քաղաքացին»,-ասաց Շարմազանովը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել