Արդեն մի քանի օր է, ինչ ATV հեռուստաընկերության եթերում է «Վերջին հայրիկը» սերիալը: Սերիալում իր դերակատարումն ունի նաև պատանի դերասանուհի Աննա Սարգսյանը, ով երկար դադարից հետո վերադարձել է այս ասպարեզ։ Գեղեցկուհուն հեռուստադիտողները, վստահ եմ, կհիշեն «Որբերը» սերիալից: BlogNews.am-ի հետ զրույցում Աննան պատմել է իր նոր դերի և հեռուստաէկրաններ վերադառնալու մասին:
«Սերիալում նկարահանվելու առաջարկ ստացել եմ սցենարիստ Անահիտ Մխիթարյանի կողմից, միասին քննարկեցինք դերը և հասկացանք, որ կարող եմ կերտել այն: Երբ կարդացի այն աղջկա մասին, ում պետք է կերտեմ, զգացի, որ ունենք որոշ նմանություններ տարբեր հարցերում, երևի հենց դրանից է, որ շատ սիրեցի դերս,-նկատեց Աննան:- Ամեն անգամ ինչ-որ դեր ստանալիս փորձում եմ մտնել դերիս մեջ, իսկ այս անգամ ցույց եմ տալիս այն, ինչ կամ»:

Սերիալում Լիլիթի կերպարը կերտող Աննան Ռուբենի դասընկերուհին է, ով միշտ ցանկանում է օգնել նրան. «Փորձում եմ ընկերանալ նրա հետ, իսկ Ռուբենը միշտ կոպտում է ինձ և անընդհատ վանում է, բայց անկախ նրա քայլերից՝ ես ամեն անգամ խոսում եմ նրա հետ, կարծես ոչինչ էլ չի եղել»:

Դերասանուհին երկար ժամանակ չէր երևում հեռուստաէկրաններին, քանի որ կարծում է, որ սերիալային դադարն իրոք պետք էր. «Չէի ուզում հոգնեցնել հեռուստադիտողին, միգուցե նաև փոքր-ինչ կարոտել են ինձ, չեմ կարող հաստատ ասել: Երբ առաջին անգամ գնացի նկարահանման, անհանգստություն կար՝ արդյո՞ք չի կորել մեջս այն, ինչ եղել է տարիներ առաջ, բայց տեսախցիկը միանալուն պես ամեն ինչ անցավ, կարծես միանգամից ընտելացա նորից: Ինչ էլ լինի, իմ սիրելի աշխատանքն է, որը մեծ պատասխանատվությամբ եմ կատարում: Այս սերիալում նոր են բոլորը, սկսած այն հեռուստաընկերությունից, որը ցուցադրում է այն, վերջացրած նկարահանող խմբով»:

Աննան պատմում է նաև, որ առաջին սերիան նայելիս ամեն ինչ չափազանց անսովոր է թվացել. «Երկրորդ սերիայից արդեն ընտելացա ինքս ինձ կադրում տեսնելու մտքին, սակայն պետք է ասեմ, որ դեռ ունեմ աշխատելու տեղ, որպեսզի հասնեմ այն արդյունքին, որը ես եմ ցանկանում տեսնել»:
Դերասանուհին դեռ չգիտի՝ ինչ զարգացումներ են լինելու իր կերպարում, իսկ իմանալու համար պետք է պարզապես նայել «Վերջին հայրիկը» սերիալը:



Նյութը՝ Սիրանուշ Գրիգորյանի



