Tert.am-ը գրում է.

Հայաստանում առկա են ոչ միայն սոցիալ-տնտեսական խնդիրներ, այլ նաև անվստահության մթնոլորտ, ինչը կարելի է շտկել նոր Սահմանադրությամբ: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը նման կարծիք հայտնեց «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը՝ ընդգծելով, որ այսօր գործող Սահմանադրությամբ պետական մարմինները բավարար պատասխանատվություն չեն ստանձնում իրենց աշխատանքի համար:

«Մենք չունենք պատասխանատվության համարժեք մեխանիզմներ: Դեռևս 2010-ին մենք առաջադրեցինք կարևոր մեկ հարց՝ կառավարությանը պատասխանատվության ենթարկելու մասին: Գործող Սահմանադրությունը կառավարության ծրագիրը չի դիտարկում իբրև փաստաթուղթ: Չկան կառավարությանը հետ կանչելու մեխանիզմներ, քան ընտրություններն են»,-ասաց նա:

Պատասխանելով հաճախ բարձրացվող հարցին, թե գործող Սահմանադրությունն է խանգարում լուծում տալ բազմաթիվ հարցերի, Արծվիկ Մինասյանն ասաց, որ գործողը չի խանգարում, բայց նաև չի նպաստում, չի պատժում այն մարդկանց ովքեր պատասխանատու են:

«Նոր սահմանադրությամբ կառավարությունն ամեն տարի պետք է ներկայացնի իր ծրագրի արդյունքները, ինչը խորհրդարանին հնարավորություն է տալիս պատասխանատվության առաջ կանգնեցնել վարչապետին ու ողջ կառավարությանը»,-ասաց նա:

ՀՅԴ-ական պատգամավորն ընդգծեց, որ սահմանադրական այս փոփոխությունները իրական ճանապարհ են՝ հնարավորություն տալու լուծել բարձրացված բարձրացվող խնդիրներ ու որակապես նոր պետություն կառուցել:

«Մենք հավատացած ենք, որ Հայաստանի զարգացումն ապահովողը խորհրդարանական կառավարման ձևն է»,-ասաց նա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել