Exclusive

«Ժողովրդական երգիչ» նախագծից հանրությանը հայտնի դարձած երգիչ Մավր Մկրտչյանը նոյեմբերի 11-ին նշանվել է։ 25-ամյա երգչի ընտրյալը 22-ամյա Շուշանիկ Հովհաննիսյանն է։ 

Մավրն ու Շուշանիկը «երաժշտական» ընտանիք են ունենալու, քանի որ Շուշանիկը ևս այս ասպարեզից է. նա երգչուհի է, սովորում է Կոնսերվատորիայում։ Հենց այնտեղ էլ նրանք գտել են իրար։ «Արդեն 3 տարի է՝ միասին ենք։ Նշանադրությունը դրա տրամաբանական հետևանքն էր»,- BlogNews-ին ասաց նա ու հավելեց, որ ամուսնության մասին դեռ վաղ է խոսել, քանի որ առայժմ հստակ չեն ծրագրում, թե երբ են ամուսնանալու։

Զույգի նշանադրությունը կայացել է նեղ ընտանեկան միջավայրում։ Երևանյան ռեստորաններից մեկում հավաքվել են նրանց ընտանիքի անդամներն ու ամենամտերիմ մարդիկ։ Հայտնի հյուրեր զույգը չի ունեցել։ Միջոցառման նախապատրաստական աշխատանքներով Մավրն ու սիրելին միասին են զբաղվել։

Ինչ վերաբերում է գործնական դաշտում իր պասիվությանը՝ Մավրը նշեց, որ այս փուլում ստեղծագործական պրոցեսի մեջ է։ «Ցանկանում եմ նորովի ներկայանալ, սակայն խոսքն այն մասին չէ, որ փոխեմ ժողովրդական ուղղությունս։ Ժողովրդականի մեջ ուզում եմ նոր կերպար ստեղծել»,- նշեց երգիչը։

BlogNews-ը շնորհավորում է զույգին և երջանկություն է մաղթում։

Նյութը՝ Ամալյա Հովհաննիսյանի

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել