Tert.am-ը գրում է.

Իրաքի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Իբրահիմի ալ Ջաաֆարին հայտնել է, որ իր երկրի հետախուզությունը տեղեկություններ է ստացել այն մասին, որ Ֆրանսիան, Միացյալ Նահանգներն ու Իրանը հայտնվել են ահաբեկիչների «թիրախ»  երկրների շարքում:

Ինչպես նշում է kommersant.ru-ն, թեև պաշտոնյան որևէ այլ մանրամաս չի բացահայտել, այնուհնադերձ, հետաքրքրական է այն փաստը, որ նրա հայտարարությունը հնչել է անմիջապես Փարիզում ահաբեկչությունների իրարանացումից հետո:

Աղբյուրը հավելում է, որ Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդն արդեն հաստատել է, որ հարձակումների հետևում կանգնած է Իրաքի և Սիրայի տարածքում գործող «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը: Գրոհայինները հայտնել են, որ ահաբեկչությունների շարքը վրեժ էր իրենց դիրքերին ավիահարվածներ հասցնելու համար:

Հիշեցնենք, որ Փարիզում տեղի ունեցած 6 ահաբեկչությունները դարձել են առնվազն 129 մարդու մահվան պատճառ: Ինչպես ավելի վաղ հաղորդել էր Tert.am-ը, հայտնի են դարձել Փարիզում նոյեմբերի 13-ի գիշերը տեղի ունեցած ահաբեկչություններին ներգրավվածության երեք կասկածյալների ինքնությունները: Ահաբեկիչներից մեկը  Ֆրանսիայի քաղաքացի 29-ամյա Մոստեֆա Իսմաիլ Օմարն է, մյուսը` Աբդուլակբակ Բ.-ն, ով «Ստադ դե Ֆրանս» մարզադաշտի մոտ իրեն պայթեցրած ահաբեկիչն է. նրա մարմնի կողքին սիրիական անձնագիր է գտնվել: Le Figaro թերթի տվյալներով՝ տղամարդը ծնվել է 1990 թվականին, նա չի եղել ֆրանսիական հատուկ ծառայությունների տեսադաշտում:

Երրորդ ահաբեկչի անունը հրապարակել է սերբական Blic թերթը, որը հայտնել է, որ Սիրիայի քաղաքացի Ահմեդ Ալմոհամադը հավանաբար եղել է ահաբեկչությունների կազմակերպիչ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել