Օր 1. «Այո և ոչ» ռեալիթի շոուն մեկնարկեց թեժ մթնոլորտում
Այսօր Սահմանադրության նախագծի փոփոխությանը կողմ և դեմ արտահայտվող քաղաքական ուժերի ներկայացուցիչները սկսեցին քարոզել իրենց դիրքորոշումը Հայաստանի երկու մարզերում՝ Սյունիքում և Արագածոտնում: Նախագծի մեկնարկը կարելի է հաջողված համարել, քանի որ և այո-ի, և ոչ-ի կողմնակիցները որևէ ջանք չէին խնայում իրենց դիրքորոշումը հնարավորինս հասկանալի ու մանրակրկիտ ձևով հանրությանը մատուցելու գործում:
Հետևելով շոույի ողջ ընթացքին, տպավորություն ստեղծվեց, որ.
-Այո-ի թիմը համալրված է ավելի հասուն, ինֆորմացված և հարուստ կենսափորձով գործիչներով, քան ոչ-ի կողմնակիցները: Այստեղ օբյեկտիվորեն կա նաև ռադիկալ ընդդիմության մեղքը, ովքեր չօգտվեցին ընձեռված հնարավորությունից և չընդունեցին ռեալիթի շոուին մասնակցելու հրավերը: Այս ամենով հանդերձ Հայազնի և Ազատ դեմոկրատների ներկայացուցիչներին հաջովեց պարզ ու ընկալելի ներկայացնել ոչ-ը, բայց փորձառու իշխանականների հաջողվում էր լրացնել կամ ուղղել նրանց:
-Այո-ի թիմում կանայք ավելի շատ էին՝ ի դեմս Մարգարիտ Եսայանի և Կարինե Աճեմյանի, իսկ Ոչ-ի թիմում ընդամենը 1 կին կար՝ Թամար Գևորգյանը, ով թեև կարողանում էր հրաշալի կատարել իր ֆունկցիան, միևնույն է հուզականության ու էներգետիկայի առումով Այո-ն ավելի բարենպաստ դիրքերից էր հանդես գալիս:
-Տարբեր դիրքորոշում ունեցող գործիչները հաճախ թեժ քննարկման մեջ էին մտնում միմյանց հետ, հաճախ նաև բղավում միմյանց վրա, ինչը թեև շոուի բաղադրիչ է, բայց որևէ կերպ չի օգնում քաղաքացիներին կողմնորոշելու գործում. հանգիստ ու հիմնավոր խոսքն ավելի նախընտրելի է:
-Հասարակության զգալի մասը ծանոթ չէր Սահմանադրության նոր նախագծին և հիմնականում քննարկման թեմա էր դառնում սոցիալ-տնտեսական խնդիրները: 
-Պաշտոնյաների ու գյուղացիների շփումը շատ անմիջական մթնոլորտում էր անցնում: Հայ գյուղացին ինչպես միշտ, այս անգամ ևս իր բարձր դիրքում էր՝ հյուրասեր ու անչափ հյուրընկալ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել