Եգիպտոսի Սինայի թերակղզում ռուսական քաղաքացիական օդանավի կործանումից հետո նախ՝ Մեծ Բրիտանիան, այնուհետև Ռուսաստանը կասեցրեցին չվերթները դեպի Եգիպտոս: Մինչդեռ Հայաստանը, որի համար Եգիպտոսը զբոսաշրջային կարևոր ուղղություններից է, լռություն է պահպանում. ԱԳՆ և մյուս գերատեսչությունները որևէ կերպ չեն ուղղորդում քաղաքացիներին: 
ԱԳՆ մամլո խոսնակը միայն կրկնում է իր ամիսներ առաջ արած հայտարարությունը, որով հորդորում էին զբոսաշրջիկներին Եգիպտոս մեկնելու դեպքում դուրս չգալ հանգստյան գոտուց: Բայց ի՞նչ կապ ունի հանգստյան գոտում մնալու մասին հայտարարությունը ռուսական ինքնաթիռի վթարի հետ, եթե նույնիսկ քաղաքացին հանգստյան գուտուց դուրս չգա, դա ինչպես է երաշխավորելու որ ինքնաթիռը դարձյալ օդում չի պայթի: Ի՞նչ անի քաղաքացին, եթե Եգիպտոսի օդանվակայանում անվտանգության կանոնները պատշաճ չեն ապահովել և «Իսլաման պետության» ահաբեկիչներին հաջողվել էր սողոսկել ինքնաթիռ և պայթուցիկ տեղադրել: 
ԱԳՆ-ից առանձնապես չտարբերող հայտարարությամբ է հանդես եկել նաև Քաղավիացիայի գլխավոր վարչությունը, որի խոսնակ իր հերթին «բացատրել» է, թե «Զվարթնոց» օդակայանից դեպի Եգիպտոս ուղիղ չվերթ վաղուց չի գործում, իսկ քաղավիացիայի վարչությունը միայն տեղական ավիաընկերություններին կարող է արգելել Եգիպտոսի օդային տարածք մուտք գործել, բայց այդպիսիք չկան:
Տուրիստական գործակալություններն էլ հրաժարվուն են ետ ընդունել քաղաքացների գնած փաթեթները՝ պատճառաբանելով, որ չկա ԱԳՆ հայտարարություն՝ Եգիպտոս չմեկնելու մասին:
Այս համատարած անտարբերության ու անգործության պայմաններում միակ տուժողը քաղաքացին է, ով բավականին պատկառելի գումար է վճարել Ամանորի տոները Եգիպտոսում դիմավորելու համար, և բոլոր պատկան մարմինները փաստացի «թքած ունեն» քաղաքացու անվտանգության խնդրի վրա: Եթե Աստված մի տարասեց, հերթական ողբերգությունը տեղի ունենա՝ ԱԳՆ, Քաղավիացիայի վարչությունը կամ գերշահույթով աշխատող տուրօպերատորը կկրե՞ն որևէ պատասխանատվություն իրենց անգործության համար: Իհարկե՝ ոչ: Չէ որ այս գերատեսչությունների համար անգործությունը պաշտոնապես որդեգրած դիրքորոշում է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել