Exclusive

Երբևէ մտածե՞լ եք՝ ինչ կարող էր պատահել, եթե ժամանակի մեքենայի օգնությամբ հայտնվեիք քարի դարում։ «Քարե դարդ» սիթքոմում հենց այդ իրավիճակում է հայտնվում Վաչեի հերոսը՝ Մոսոն, ով, փախչելով պարտքատերերից, կիսակառույց ժամանակի մեքենայով հայտնվում է քարե դարում...

BlogNews-ի հետ զրույցում Վաչեն ասաց, որ սիթքոմի միտքը շատ հետաքրքիր է. «Կարծում եմ՝ բոլորն էլ մի պահ մտածել են՝ ինչ կլիներ, եթե հայտնվեին անցյալում։ Իմ հերոսը՝ Մոսոն, պատահմամբ հայտնվում է քարե դարում, որտեղ էլ տեղի են ունենում բոլոր գործողությունները»։

Սիթքոմի իրադարձությունները ձևավորվում են Վաչեի հերոսի շուրջ. «Շարժիչ ուժն իմ հերոսն է, ով հայտնվում է քարի դարում, սակայն բոլոր հերոսներն էլ շատ վառ կերպարներ են, և կան սերիաներ, որտեղ գերակշռում են մյուս հերոսների մասին պատմությունները»։

Արմուշը նշել էր, որ Վաչեն սիթքոմի սցենարիստներից մեկն է, Վաչեն նկատեց, որ ինքը մասամբ է մասնակցում սցենարական աշխատանքներին։ «Սկզբնական շրջանում միասին ենք մտածել՝ ինչ անել, սակայն հիմնական աշխատանքն անում են մեր տաղանդավոր սցենարիստները՝ Վանն ու Գրիգը,- ասաց նա ու հավելեց, որ իր կերպարի արտաքին տեսքն ու հագուկապը միասին են որոշել։ -Այնպես ենք մտածել, որ հնարավորինս կոնտրաստ լինի մյուս կերպարների հետ»։ Վաչեից տեղեկացանք, որ ընթացքում ոչ թե իր հերոսն է ադապտանում քարե դարին, այլ մյուսներին է ադապտացնում ժամանակակից իրականությանը՝ քարե դարում ձևավորելով Գայի, ԴԱՀԿ, կաշառք և մի շարք այլ երևույթներ։ «Մեր իրականությունում առկա երևույթների մասին գիտի միայն իմ կերպարը, և պատկերացրեք՝ ինչ հետաքրքիր կլինի, եթե նա քարե դարի պարզունակ մարդկանց մոտ սկսի կիրառել դարերով ձեռք բերված գիտելիքները»,- ասաց դերասանը։

Անդրադառնալով բեմական ձևաչափից վիդեո տարբերակի անցնելուն՝ Վաչեն ասաց, որ սիթքոմի ֆորմատն իր համար միշտ հետաքրքիր է եղել։ «Ցանկացած մարդ, ով պրոֆեսիոնալ կերպով զբաղվում է հումորով (իսկ ես կարող եմ ինձ դասել նման մարդկանց շարքին, քանի որ 9 տարուց ավելի է՝ մենք հումորի մեջ ենք), հետաքրքրությամբ կփոխի ձևաչափը։ Սիթքոմն ունի իր հետաքրքրությունն ու առավելությունները, և հուսով եմ՝ սա առաջին ու վերջին փորձը չի լինի։ Սիթքոմները հանրահայտ են ամբողջ աշխարհում, յուրաքանչյուր ալիք մի քանի սիթքոմ ունի, քանի որ մարդկանց կողմից միշտ էլ պահանջարկ կա տեսնել թեթև, հումորային, ինչ-որ տեղ նաև ինտելեկտուալ նախագծեր»,- եզրափակեց դերասանը։

Նյութը՝ Ամալյա Հովհաննիսյանի

Լուսանկարները՝ Կարեն Հովհաննիսյանի

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել