Դիտեք այս հոլովակը, որը թողարկել է ՀՀԿ-ի քարոզչամեքենան սահմանադրական բարեփոխումների հանրաքվեի քարոզարշավի շրջանակներում...

Իսկ հիմա եկենք վերլուծենք այն։

Այն, որ հոլովակը որակյալ է ու պատրաստված է «Я русский окупант» գերհաջող քարոզչական հոլովակի լավագույն ավանդույթներով, քննարկման ենթակա չէ։ Կարելի է միայն գովալ նման որակական պրոդուկտ մշակողներին։

Իսկ այ բովանդակային մասով ամեն ինչ այդքան էլ հարթ չէ։ Նույնիսկ կասեի՝ ընդհանրապես հարթ չէ։ Համաձայն եմ, որ բավականին ռիսկային է մեկ մարդու ձեռքում հիմնական իշխանությունը կենտրոնացնելը, բայց պակաս ռիսկային չէ նաև ամբոխի ձեռքում դա անելը, իսկ որ մեր խորհրդարանն ավելի շուտ ամբոխ է, քան ադեկվատ մարմին, ակնհայտ է դառնում, երբ նայում ես, թե ինչ օրինագծերի օգտին են կողմ քվեարկել մեր ազգընտիրները։

Սակայն սա էլ չէ հիմնական անճշտությունը տվյալ հոլովակում։ Մոտավորապես տեսանյութի կեսերից սկսվում են էմոցիոնալ շահարկումներ ատելության ու պարտությունը չընդունելու մասին, երբ ամեն ընտրություն վեր է ածվում կենաց-մահու պայքարի, և ատելություն է ծնվում տարբեր ճամբարների բաժանված քաղաքացիների միջև։ Սա միանգամայն ճիշտ է, բայց սխալ է այն հետևությունը, որն արվում է ու մատուցվում է որպես լուծում։ Քաղաքացիները դժգոհում են կուսակցությունների ու մասնավորապես իշխանության ոչ թե գաղափարախոսությունից ու գաղափարական գծից, այլ ավելի շուտ դրա բացակայությունից կամ էլ հայտարարագրված գաղափարախոսությանը չհամապատասխանելուց։

Ընդ որում, սա վերաբերում է ոչ միայն ՀՀԿ-ին։ Նույն դժգոհությունն ու ատելությունն առկա էր նաև ՀՀՇ-ի նկատմամբ, երբ նրանք էին իշխանությունը։ Այլ կերպ ասած, մարդիկ չեն սիրում իշխանություններին ոչ թե նրա համար, որ հանրապետականները որպես իրենց գաղափարական գիծ ընտրել են նժդեհականությունը, իսկ ՀՀՇ-ականներն էլ՝ ժողովրդավարության իդեալները, այլ այն, որ իրենց գործնական ակտիվությունում բոլոր իշխանությունների օրոք քաղաքական ուժերը դավաճանել են այդ բոլոր իդեալներին։

Ուստի երբ այս տեսանյութով փորձում են համոզել, որ նոր սահմանադրությունը պետք է, որովհետև դրանով ջնջվում են սահմաններն ուժերի միջև, և քաղաքական ուժերը սկսում են գործել որպես գաղափարի շուրջ հավաքված պրոֆեսիոնալ քաղաքական միավորներ, դա միայն թերահավատ քմծիծաղ է առաջացնում, որովհետև, այնուամենայնիվ, ոչ մի հուշում չկա այս տեսանյութում, թե, ասենք, օրինակ նույն նժդեհական հանրապետականները ոնց են անելու, որպեսզի պառլամենտում Նժդեհի ուսմունքը չներկայացնեն Լֆիկ Սամոն, Շմայսը, Նովոն և այլ օդիոզ կերպարներ, որոնց նույն Նժդեհը տեղում կգնդակահարեր։

Այս ամենից կարելի է անել հետևություն. իշխանությունները չեն կարողանում հիմնավորել, թե ինչու մենք պետք է, այնուամենայնիվ, կողմ լինենք, որպեսզի Հայաստանում կառավարման մոդել փոխվի, իսկ եղած հիմնավորումներն էլ, մեղմ ասած, համոզիչ չեն։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել