Վանքային ճարտարապետական համալիրներ, առանձին եկեղեցիներ
Միջնադարյան Հայաստանի մի շարք վանքեր, հիմնադրվելով 9-11-րդ դարերում, իրենց հետագա զարգացումն ապրեցին 12-14-րդ դարերում: Համալրվելով եկեղեցական և քաղաքացիական նոր շենքերով՝ դրանք ամբողջացան և դարձան բազմաբնույթ շենքերից բաղկացած բարդ և ներդաշնակ համալիրներ: Միևնույն ժամանակ զարգացած միջնադարի երկրորդ փուլում՝ Զաքարյանների օրոք և հետո, առաջացան նոր վանքեր՝ բնութագրվելով կառուցապատման համեմատական կարճատևությամբ ու ամբողջականությամբ: Կառուցվել են նաև նոր տիպի առանձին եկեղեցիներ:
Սանահինի վանքը 12-13-րդ դարերում ապրել է նոր զարգացում, Բագրատունյաց շրջանում կառուցված ս. Աստվածածին (928-944թթ), Ամենափրկիչ (966թ.), ս. Գրիգոր (11դ.), ս. Հակոբ (9-10-րդ դարեր) եկեղեցիներին, Մատենադարանի շենքին (1063թ) ու Մագիստրոսի դպրոց-սրահին (11-րդ դ.) ավելացել են գավիթը, նախագավիթը, զանգակատունը, սպասալարների դամբարանը, ս. Հարություն մատուռը, պատվանդանավոր խաչքարերը, աղբյուրի շենքը և կամուրջը Դեբետ գետի վրա:
Ամենափրկիչ եկեղեցու գավիթը, տեղադրված արևմտյան կողմից, կառուցվել է 1181թ. Ժամհայր ճարտարապետի մտահղացմամբ, վանքի առաջնորդ Հովհաննեսի ու այլ նվիրատուների միջոցերով: Պատկանում է չորս սյունանի ժամատների տիպին: Քառակուսի դահլիճի կենտրոնում միմյանցից հավասար հեռավորությամբ տեղադրված հաստահեղյուս սյունները կամարներով միացված են միմյանց ու հանդիպակաց պատերի փնջաձև որմնասյուների հետ ընդհանուր հենարան են ծառայում ծածկի համակարգի համար: Վերջինիս կենտրոնական մասը պսակվում է երդիկավոր գմբեթով: Ներքին ճարտարապետական լուծմանն առանձին հնչեղություն են հաղորդում սյունների ու որմնասյունների գեղեցիկ խարիսխներն ու խոյակները:
Նախագավիթը կառուցվել է 1211 թվականին իր բեղմնավոր շինարարական գործունեությամբ հայտնի իշխան Վաչե Վաչուտյանի պատվերով: Այն տեղադրված է Ամենափրկիչ եկեղեցու գավթի հյուսիսային կողմում՝ ս. Աստվածածին եկեղեցու առանցքով: Նախագավթից անցում է կատարվում դեպի ս. Աստվածածին եկեղեցին, գավիթը, Մագիստրոսի ճեմարանը, ինչպես նաև հյուսիսարևելյան անկյունում գտնվող մուտքով կարելի է դուրս գալ այդ կողմի բակը (որին կից են զանգակատունն ու գրատունը):
Իր հորինվածքով սա եզակի տեղ է գրավում հայկական գավիթների մեջ: Ընդարձակ ուղղանկյուն դահլիճը եռանավ է: Երկու շարք ցածրադիր մույթերով այն բաժանված է երեք մասերի, որոնք ծածկված են երկլանջ կտուրների տակ առնված բարձր թաղերով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել